Վարդան Այվազյան. Տեսա՞ք, որ Հանրապետականը անհանգստանալու բան չունի
Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ նորմալ գործընթաց է, և որքան տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ իրար հետ հանդիպեն, կարողանան ձևավորել միասնական օրակարգ, այնքան ավելի լավ կլինի: Այսպիսի կարծիք ունի խորհրդարանում ներկայացված մեկ այլ ոչ իշխանական ուժի` «Ժառանգության» ներկայացուցիչ Թևան Պողոսյանը:
Այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ չորս ոչ իշխանական ուժերը հանդես գան իշխանության դեմ միասնական օրակարգով, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասաց, որ իրենք քառյակի շրջանակներում համագործակցում են միայն այն հարցերի շուրջ, որոնք ընդհանուր են. «Նույն արտաքին քաղաքականության վերաբերյալ ԲՀԿ-ն, կարծես թե, չի ասել, որ եվրաինտեգրման կողմնակից է, ինչպե՞ս եք պատկերացնում նրան սատարելը: Տարբեր տեսլականներով հարցեր են: Կա խնդիր, որը միասնական է, բոլորիս հետաքրքրում է: Ինչի՞ է ձեզ թվում, որ միասնականությունը պետք է լինի ամեն ինչում»:
Պողոսյանը նաև չմոռացավ հիշեցնել, որ նույն 2008 թվականին, երբ ընդդիմությունը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պայքարում էր իշխանության դեմ, ո´չ ԲՀԿ-ն էր նրա կողքին, ո´չ էլ Դաշնակցությունը, այնպես որ՝ տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ են լուծվում:
Ասուլիսի մյուս բանախոսին` ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Վարդան Այվազյանին, այս գործընթացները, կարծես, այնքան էլ չէին հետաքրքրում: Նա հստակ ցույց տվեց, որ իշխանությունն անհանգստացած չէ քառյակի գործողություններից, ի վերջո, արձագանքելով. «Տեսա՞ք, որ Հանրապետականը անհանգստանալու բան չունի»:
Ի դեպ, Հայաստանի երկրորդ նախագահի նախագահության տարիներին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Այվազյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, կարծիք հայտնեց, որ «երկրորդ նախագահն ակտիվ քաղաքական դաշտում գտնվող անձնավորություն է»: