
Արտեմ Ասատրյան. Լալա Ղազարյանն ազատվել է իր դիմումի համաձայն, չարաշահումների խնդիր չի եղել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց ու երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մամուլում ինչ նշվել է, դրա մասին տեղյակ եք՝ ազատվել է իր դիմումի համաձայն: Չարաշահումների խնդիր չի եղել, ընդհանրապես աշխատանքի հետ կապված որոշակի խնդիրներ են եղել: Դա արտահայտվել է նաև կատարողականի համապատասխան գնահատականներով և ազատվել է իր դիմումի համաձայն»,- ասաց նախարարը՝ պարզաբանելով, որ խոսքը երեխաների իրավունքի պաշտպանության ոլորտում իրականացվող ռեֆորմների ու դրանց դանդաղ ընթացքի մասին է, և ոչ թե չարաշահումների:
«Այդ ոլորտում կառավարությունը նախաձեռնել է մեծ փոփոխություններ, բարեփոխումներ: Հիմնական մոտեցումը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն է և այդ ուղղությամբ բավականին մեծ, ծավալուն աշխատանքներ կան, որ իրականացվել են և պետք է ավելի արդյունավետ իրականացվեն»:
Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանի պաշտոնանկության մասին լուրերը տարածվեցին Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված ապօրինությունների հետ կապված, երբ դպրոց այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ նկատողություն էր հայտարարել փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին և Լալա Ղազարյանին: