Արտեմ Ասատրյանը՝ կուտակայինի մասին. ՍԴ որոշման մեջ արծարծված բոլոր խնդիրները լուծումներ են ստացել
«Լսել եմ դրա մասին, որևէ մեկնաբանություն չունեմ: Կանխատեսումներ չեմ ցանկանում անել»,- այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի քառյակի՝ կուտակայինի հարցով կրկին ՍԴ դիմելու որոշումը:
Մեր հարցին՝ արդյոք հակասահմանադրական ճանաչված պարտադիր բաղադրիչը մնացե՞լ է օրենքում, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Այն բոլոր խնդիրները, որ արծարծվել են ՍԴ որոշման մեջ, ընդունված օրենսդրական փաթեթով լուծումներ են ստացել»: Ճշտմանը, թե ուրեմն կարո՞ղ ենք ասել, որ փաթեթը հակասահմանադրական որևէ դրույթ այժմ չունի, Ա.Ասատրյանը նշեց. «Իմ կարծիքն այն էր, որ ներկայացրի, որ այն բոլոր խնդիրները, որ պետք է լուծվեին մինչև սեպտեմբերի 30-ը, կառավարության նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական փաթեթում լուծումներ են ստացել: Իսկ թե արդյոք այդ լուծումները համապատասխանո՞ւմ են ՍԴ դիրքորոշմանը կամ որոշումներին, դրա միակ գնահատական տվողը նույն ՍԴ-ն է»:
Երիտասարդ դասախոսների խնդրի վերաբերյալ նախարարը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունն այդ խնդրի լուծման համար առաջարկներ է ներկայացնելու կառավարությանը:
Ի պատասխան դիտարկմանը, որ նախկինում էլ նշվում էր, որ օրենքը թերություններ չունի, բայց ՍԴ-ն այլ որոշում կայացրեց, Ա.Ասատրյանը նկատեց. «Բոլորի աշխատանքի մեջ էլ թերություններ լինում են»: