Կամո Վարդանյան. Միջինում յուրաքանչյուր երեք օրում իրականցվում է երկու ինքնասպանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Այս կապակցությամբ այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը՝ խոսելով ինքնասպանությունների տարածվածության և դրանց կանխարգելման ուղիների մասին:

Սամվել Թորոսյանի խոսքով՝ չնայած մեր հանրապետությունում այդքան էլ մտահոգիչ չէ ինքնասպանությունների թիվը, բայց պարտավոր ենք կանխարգելման մասին լրջորեն մտածել. «Բավական է ասել, որ աշխարհում տարեկան 8000-ից ավելի մարդիկ ինքնասպանություն են գործում: Ամեն 40 վայրկյանը մեկ լինում է ինքնասպանության մեկ դեպք: Ամբողջ աշխարհի համար մտահոգիչ է նաև այն, որ ինքնասպանությունները երիտասարդանում են. 15-29 տարեկանների մոտ ինքնասպանությունները մահվան դեպքերում կազմում են երկրորդ տեղը՝ զիջելով միայն վթարների ժամանակ զոհվածների թվին: Իհարկե, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ պետք է տարվի աշխատանք ամբողջ հանրության կողմից և դա այն աշխատանքը չէ, որ պետք է կատարեն կոնկրետ մասնագիտության տեր անձիք: Շատ մեծ դեր են խաղում միջանձնային հարաբերությունները: Մարդիկ այսօր իրենց շատ միայնակ են զգում հանրության մեջ և շատ հաճախ դա բերում է ինքնասպանության: Դեպրեսիվ վիճակները, հոգեկան հիվանդությունները ևս մեծ դեր ունեն այս հարցում:

Կանխարգելման հետ կապված, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի ընտանիքը. եթե ընտանիքում կա նորմալ մթնոլորտ, եթե կա փոխադարձ հարգանք, սեր և լավ հարաբերություններ, ուրեմն մարդիկ շատ ու շատ խնդիրներ էլ կկարողանան նորմալ հաղթահարել և չդիմել ինքնասպանությունների: Եթե ընտանիքում նկատում են, որ իրենց հարազատը խնդիրներ ունի, ապա պետք է դիմել հոգեբանի կամ բժշկի օգնությանը»:

Կամո Վարդանյանը ներկայացրեց ցուցանիշներ, տվյալներ՝ կապված Հայաստանում ինքնասպանությունների տարածվածության հետ, խոսեց դրան կանխարգելման կոնկրետ եղանականերից.

Կարդացեք նաև

«Հայաստանում 2009թ. ինքնասպանության փորձերի թիվը 498 է եղել, 2010թ.՝ 592, 2011թ.՝ 647, 2012թ.՝ 740, իսկ զուտ ինքնասպանությունների թիվը 2009թ. եղել է 197, 2010թ.՝ 225, 2011թ.՝ 195, 2012թ. 214 և 2013թ.՝ նորից 214, այսինքն՝ ներկայիս դրությամբ ՀՀ-ում մեկ օրում իրականացվում է երկու ինքնասպանության փորձ, միջինում յուրաքանչյուր երեք օրում իրականցվում է երկու ինքնասպանություն և այլն: Մեզ այս տվյալները տալիս են կանխարգելման համար ուղիներ որոնելու հնարավորություն: Իսկ կանխարգելման համար անհրաժեշտ է նախ՝ ստեղծել կառույց սուիցիդների ուսումնասիրության, մոնիտորինգի և կանխարգելման, որը պետք է կոորդինացնի ՀՀ-ում բոլոր տեսակի աշխատանքները՝ կապված սուիցիդների հետ:

Առանց դրա հնարավոր չէ: Հետո՝ այդ կառույցը պետք է կապ պահպանի Համաշխարհային առողջապահական կազմակերպության և սուիցիդների կանխարգելման ասոցիացիայի հետ: Ամենակարևորը պետք է ուսումնասիրել երևույթը պրոֆեսիոնալ, օբյեկտիվ մակարդակի վրա. եթե մենք չուսումնասիրենք խնդիրը, չհասկանանք երևույթը, չիմանանք՝ ինչ է կատարվում մարդու մեջ ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, հեգեբանական, ախտաբանակն մակարդակով, ապա կանխարգելման մասին խոսել հնարավոր չէ:

Ծառայության բոլոր բնագավառների մասնագետներին, ովքեր սերվիս են իրականացնում, վերապատրաստել նրանց՝ սովորեցնելով սուիցիդի նշանները, քանի որ ինքնասպանության գնացող մարդը մի շարք դրսևորումներ է ցույց տալիս, օրինակ՝ մեկուսանում է, ապրում իր ներաշխարհով, իր համար թանկարժեք առարկաները, նվերները բաժանում, նվիրում է ուրիշներին, իր հարազատներին անտարբերության է մատնում և այլն: Այսինքն՝ կան բանալիներ, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ տվյալ անձնավորությունը գնալո՞ւ է ինքնասպանության, թե՞ ոչ»:

Կամո Վարդանյանի խոսքով՝ ինքնասպանությունների կանխարգելման տեսանկյունից մեծ դեր ունեն նաև լրատվամիջոցները՝ դեպքերի լուսաբանմամբ: Ըստ նրա՝ լավ կլիներ, որպեսզի լրագրողները մասնագիտական լուրջ հմտություններ ձեռք բերեին այս ոլորտը լուսաբանելու համար և որակական բարձր պատրաստվածություն ունենային:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս