«Չի բացառվում, որ ինչպես Շվեյցարիայի դեպքում, Հունաստանում էլ բողոքարկեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը»
«Հայկական որևէ աղբյուրից տեղյակ չեմ, որ իսկապես Պապը գալու է Հայաստան, թուրքական աղբյուր է, և մինչև հիմա ակնարկ չկար, դրա համար էլ կարծեմ՝ մի քիչ շուտ է, մինչև կա՛մ Վատիկանից, կա՛մ Էջմիածնից հաստատում լինի, որ գալու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հռոմի Պապը այցելելու է Հայաստան և Թուրքիա, ասաց ՀՅԴ կուսակցության Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Կ. Մանոյանի կարծիքով՝ անշուշտ, Հռոմի Պապի վերաբերմունքը հայկական խնդիրների նկատմամբ՝ ցեղասպանության մասին ներառյալ, ողջունելի է այն իմաստով, որ ինքն արդեն հանձն է առել հատուկ պատարագ մատուցել Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված. «Եթե Հայաստան այցելի, պարզ է, որ նաև Ծիծեռնակաբերդ կայցելի և կվերահաստատի Վատիկանի կողմից Ցեղասպանության և՛ ճանաչման, և՛ զոհերի հարգանքի կեցվածքը»:
Հիշեցնենք, որ երեկ Հունաստանի խորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Կ. Մանոյանը նշեց, որ, անշուշտ, այդ օրենքը ողջունելի է, սակայն պետք է հետևել այս ամիսներին և առաջիկա տարվա առաջին ամիսներին նախատեսվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրադարձություններին. «Որովհետև այս օրենքը հիմնականում նույն մոտեցումն ունի, ինչ Շվեյցարիայի օրենքը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առ այժմ գոնե հայտարարել է, որ խոսքի ազատության կաշկանդում է ենթադրում, և ուրեմն այդ վճիռը բողոքարկվել է, և նախատեսվում է, որ հունվարին կքննարկվի: Կարևոր է, որ այդ որոշումը, ի վերջո, ճիշտ որոշում լինի և ատելության տարածման դեմ արգելքները (ինչպիսիք են, օրինակ, Շվեյցարիայի, Հունաստանի օրենքները) հանկարծ չհամարվեն խոսքի ազատության կաշկանդում: Այդ օրենքը չի վերաբերվում միայն Հայոց ցեղասպանությանը, ինչը ևս խնդիր չէ: Չի բացառվում, որ ինչպես Շվեյցարիայի դեպքում, Հունաստանում էլ գնան ու որևէ քայլեր անեն: Պետք է մոտիկից նայել զարգացումներին»: