Բաժիններ՝

Օմբուդսմենի միջամտության արդյունքում էականորեն բարելավվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների պայմանները

Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտության մասին: Պաշտպանության նախարարությունն այս խնդիրներին պատշաճ լուծում է տվել. տեղադրվել են համապատասխան նմուշի մահճակալներ, ապահովվել է պահանջվող բնակելի տարածքը:

Ազատազրկված զինծառայողների կարգապահական գումարտակում արձանագրվել են անմխիթար բնակելի պայմաններ, որոնց բարելավման նպատակով Պաշտպանության նախարարությունն այս տարի արդեն նախատեսում է վերանորոգման և նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքներ:

Բացի դրանից՝ այժմ մեկուսարաններում և կարգապահական գումարտակում լրացվում են դատապարտված զինծառայողների հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման մատյանները, որոնք մինչ այդ առկա չէին:

Արմեն Գրիգորյանը Նախարարության ուշադրությունն է հրավիրել նաև զինծառայողների կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը սահմանող Կառավարության որոշման և ՀՀ օրենքների, միջազգային-իրավական պահանջների միջև եղած որոշ անհամապատասխանությունների վրա: Օմբուդսմենն առաջարկել է այդ բացթողումների լրացման հնարավոր եղանակները, և Կառավարության նշված որոշման փոփոխությունների մշակումն այժմ ընթացքի մեջ է:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դրական է գնահատում Պաշտպանության նախարարության՝ զինծառայողների իրավական վիճակը բարելավելու առաջարկներին համարժեք արձագանքելու պատրաստակամությունը: Համոզված ենք, որ ջանքերի հետևողական համատեղման պարագայում Օմբուդսմենի վեր հանած այս խնդիրներից բացի՝ կլուծվեն նաև ոլորտում առկա բազմաթիվ այլ հարցեր:

ՀՀ Մարդուիրավունքներիպաշտպան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս