Կառավարության ամենահայտնի ֆլեշմոբիստը
Նոր ուսումնական տարին սկսվել է՝ իր բազմաթիվ խնդիրներով, սակայն Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է մասնակցել տարբեր ֆլեշմոբերի և սոցիալական ցանցերում տարածված զանազան ակցիաների: Նա չի թողնում մարդկանց ձանձրանալ. շաբաթներ առաջ նա լոգարանում բարեհաջող ավարտեց «Սառցե դույլ» ակցիան, որից հետո որոշեց թողնել ծխելը, իսկ ահա նախորդ գիշեր նա միացել է մեկ այլ ֆլեշմոբի:
Բարեբախտաբար, այս անգամ ֆլեշմոբը ինտելեկտուալ բնույթ ունի: Ընդունելով իրեն ուղղված բազմաթիվ հրավերները՝ Արմեն Աշոտյանը ներկայացրել է գրքերի տասնյակը, որոնք ազդեցություն են ունեցել իր վրա: Եվ այսպես.
1. Օմար Խայամ «Ռուբայիններ»
2. Ա.Պուշկին «Եվգենի Օնեգին»
3. Մուրացան «Գևորգ Մարզպետունի»
4. Վ. Տերյան «Մթնշաղի անուրջները»
5. Ա. Ախմատովա «Բանաստեղծություններ և պոեմներ»
6.Ստեֆան Ցվեյգ «Նովելներ»
7. Գ. Սվետոնի Տրանկվիլ «12 կեսարների կյանքը»
8. Ու. Շեքսպիր «Համլետ»
9. Օ. Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
10. Աստվածաշունչ, Նոր կտակարան
Իսկ օրեր առաջ Արմեն Աշոտյանը միացել է մեկ այլ նախագծի՝ Հայաստանի ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնությանը, և շուտով նրա ընտրությամբ և նրա ներկայությամբ քննարկվելու է Հենրի Միլլերի՝ «Խեցգետնի արևադարձը» գիրքը, որը տպագրվել է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով և ունի աղմկահարույց սյուժե՝ բաց ու անպատեհ տեսարանների առատության պատճառով: Արմեն Աշոտյանն ինքն էլ է շեշտել իր անսպասելի ընտրությունը և խոստանում է հետաքրքիր ու խոստումնալից քննարկում (օրն ու տեղը հայտնելու է նախօրոք):
Բոլոր այս ակցիաների ընթացքում Արմեն Աշոտյանը չի մոռանում վերջին շրջանում տարածում գտած մեկ այլ շարժում՝ սելֆին և ազատորեն ինքնանկարվում է՝ ընդունելով տարբեր մարդկանց առաջարկները:
Ի դեպ, դատելով Կրթության և Գիտության նախարարի ֆեյսբուքյան էջից, ենթադրում ենք, որ նա ցանկություն ունի բնակարան ձեռք բերել Սևանի ափի «Ծովասար» նորակառույց համալիրում, քանի որ իր էջում զետեղելով համալիրիր զեղչի հայտարարությունը՝ «Ծովասարի» սեփականատեր Իշխան Սաղաթելյանին հուշել է, որ սպասում է հրավերի, քանի որ իր ձեռքը թեթև է:
Սա նույնպես ակցիայի մասնակցելու յուրահատուկ ձև է (մեր տեղեկություններով, նորակառույց «Ծովասարում» այս ամռանը բնակարան է գնել նաև Գալուստ Սահակյանը):
Հասկանալի պատճառներով Արմեն Աշոտյանը բաց է թողել միայն՝ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբը, քանի որ նա դուստր չունի:
Իմիջիայլոց, հենց նախարարն ինքն է իրեն բնորոշել իբրև «արդեն հայտնի ֆլեշմոբիստ» և ասել, որ իրեն խորթ չէ «Ուրախների և հնարամիտների ակումբի» տրամաբանությունը: