Գուրգեն Եղիազարյան, Մեր կյանքն այսպես, թե այնպես թանկանում է, ու այդ գործընթացը ոչ մի կապ չունի Մաքսային միության հետ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե հնարավոր է՝ Մաքսային միությանն անդամագրվելու պայմանագիրը ստորագրելուց հետո առաջին մեկ տարին Հայաստանը ձայնի իրավունք չունենա միության կազմում: Սակայն նա նշեց, թե նման խոսակցություններ եղել են բանակցությունների սկզբում միայն. «Բանակցությունների նաև ձգձգման պատճառներից մեկը եղել է այն, որ հայկական կողմը նման ձևաչափով մասնակցության խնդիրը չի ընդունել, ընդունելի չի համարել և վերջնական արդյունքում, կարծում եմ՝ կունենանք հստակ ձայնի իրավունք»:
Ս. Ավետիսյանը նշեց նաև, որ Մաքսային միության հետ կապված գործընթացները շարունակվում են, և տեխնիկական այն խնդիրները, որոնք առկա են եղել, կարծես թե, փոխհամաձայնությամբ արդեն հարթվել են. «Կարծում եմ՝ հոկտեմբերի կեսին արդեն բանակցությունների վերջնական արդյունքը պարզ կլինի, և հետընթացի ճանապարհ չկա, և ոչ էլ լուրջ խանգարող խոչընդոտներ կան Մաքսային միության անդամակցության հետ կապված»:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստորագրի և դառնա Մաքսային միության անդամ. «Այսօր մենք կանգնած ենք ուղիղ 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Համենայնդեպս, վերջին գործընթացները Ուկրաինայում բերում են այն համոզման, որ Միացյալ նահանգները ձեռք չեն քաշելու իրենց բռնած ուղղուց (այսինքն՝ դեպի պատերազմ), նրանք ուղղակի հրահրում են Եվրոպայի կենտրոնում պատերազմը: Եթե այսպես շարունակվի, հրադադարն ընդամենը միջոց է, որ ուժերը խմբավորեն, նորից հարձակվեն արևելքի վրա: Ես այդ 2 խնդիրները կապում եմ, որովհետև Մաքսային միությունում էլ ամեն ինչ հանգիստ չի, և այն ուժերը, որոնք այնտեղ հրահրում են պատերազմը, իրենք էլ կցանկանան, որ Հայաստանին չտեսնեն որպես Մաքսային միության անդամ»:
Հարցին՝ եթե մի տարի ձայն չունենանք ՄՄ կազմում, դա ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ունենալու ենք ձայն, որովհետև Մաքսային միության լիիրավ անդամ կդառնանք, և մեր երկիրը տնտեսապես կկանգնի այլ ռելսեի վրա»:
ՀՀԿ-ական պատգամավորն էլ հավելեց, որ մեկ տարի ձայնի իրավունք չունենալը ոչ թե ինչ-որ մեկի ցանկության, այլ Եվրասիական միության կանոնակարգային խնդիր է. «Բայց մեր հայկական կողմը հստակ խնդիր է դրել, որ անդամակցումը կլինի միայն լիիրավ ձայի իրավունք ունենալու պարագայում»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տնտեսագետներից շատերը պնդում են, որ տնտեսական առումով ոչ շահավետ է այդ միության հետ համագործակցությունը, քանի որ գների բարձրացում կլինի, ինչպե՞ս եք տեսնում տնտեսական այդ նոր իրողությունը, Գ. Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Օրինակ, մենք Եվրոպայում ապրանք չունենք, մի տեսականի չունենք, որն այսօր կարող ենք հանգիստ վաճառել Եվրոպական շուկայում, որը համապատասխանի նրա ստանդարտներին: Մենք նման ապրանք չունենք, եթե անգամ ունենանք էլ՝ եվրոպացիներն այնպիսի մի նոր դրույթ կդնեն, որ մենք չկարողանանք ապրանք վաճառել, որովհետև ի սկզբանե նրանք միայն մի բան են Հայաստանին ցանկանում, որ Հայաստանը զբաղվի գյուղատնտեսությամբ: Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա մենք այնտեղ կարող ենք մեր ապրանքները վաճառել: Կարող ենք մեր գյուղմթերքը վաճառել առանց խոչընդոտների, և այդ սահման ասվածը մեզ համար խոչընդոտ չէ ընդհանրապես»:
Հարցին, թե ի՞նչ թանկացումներ են սպասվում Մաքսային միություն մտնելուց հետո, Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Մեր կյանքն այսպես, թե այնպես թանկանում է, ու այդ գործընթացը ոչ մի կապ չունի Մաքսային միության հետ: Ո՞վ ասեց, որ այսօր հենց այնպես, ի վնաս Հայաստանի՝ կվերցնեն ու կգնան Մաքսային միություն: Այդպիսի բան գոյություն չունի: Ինչ է, իրենցից ձե՞ռք են քաշել, առանց այն էլ ճահիճի մեջ են: Մաքսային միությունը միայն օգուտ է բերելու»: