ՄՄ անդամ դառնալուց հետո GSP+-ի ժամկետը կերակարաձգվի՞
Եվրամիության հետ Ասոցացման բանակցություններից «երես թեքելուց» հետո ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Մաքսային միության կազմում ՀՀ-ի առավելություններից մեկն էլ այն է, որ ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է Արտոնությունների հատուկ համակարգ (GSP+, կայուն զարգացումն ու բարեխիղճ կառավարումը խրախուսող հատուկ պայմաններով), որը Հայաստանին ապահովում է ԵՄ շուկայի արտոնյալ հասանելիութուն և թույլ է տալիս ԵՄ արտահանել 6400 ապրանքատեսակ առանց մաքսային վճարի:
Ընդ որում՝ Հայաստանի կողմից «GSP+»-ի օգտագործման մակարդակը բարձր է՝ մոտ 90%: ՄՄ անդամ մյուս երկրները GSP+ չունեն: Եվ ահա, ՀՀ իշխանավորների կարծիքով, այս GSP+ ռեժիմը դյութելու է ՄՄ անդամ երկրների արտադրողներին, որոնք այդ ռեժիմից օգտվելու համար և իրենց ապրաքը արտոնյալ ձևով ԵՄ արտահանելու համար, ձգտելու են գալ ու արտադրություն հիմնել Հայաստանում:
Սակայն, խնդիրն այն է, որ GSP+ ռեժիմը ՀՀ-ին տրվել է 2012թ.՝ 5 տարով, և ժամկետը լրանալուց հետո, կախված իրադրությունից, ԵՄ-ն կարող է վերանայել իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ ու, եթե ՀՀ-ն, ի վերջո, դառնա ՄՄ անդամ, չի բացառվում, որ այլևս չի երկարացնի GSP+-ի ժամկետը:
168.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում GSP+-ի հետ կապված, հնարավո՞ր է ԵՄ-ն հետ վերցնի այն: Գ.Մինասյանը պատասխանեց, թե GSP+ կարգավիճակը շնորհվում է երկրում առկա բարեփոխումների և ազատությունների մակադրակի գնահատականի հիման վրա. «Մեր երկրում այս առումով որևէ նահանջ չկա և, ես կարծում եմ, չի էլ լինի: Եթե այդ որոշումը կայացրին, դա կլինի չհիմնավորված, իրողություններից չբխող որոշում: Ես չեմ կարծում, որ նման բան կլինի, որովհետև դա մի կողմից արդարացված չի լինի, մյուս կողմից կարժանանա եվրոպական արժեքները դավանող կառույցների կողմից բարդ գնահատականի»:
Մինասյանը նշեց, որ GSP+-ի առկայությունը Հայաստանի համար լրացուցիչ հնարավորոթյուն է և պետք է նպաստի, որ ԵՏՄ երկրների տնտեսվարողները ՀՀ-ում ներդրումներ կատարեն և այստեղ իրականացնեն իրենց տնտեսական գործունեությունը, որպեսզի արտահանումը ԵՄ երկրներ իրականացվի «Արտադրված է Հայաստանում» պիտակով և օգտվեն այդ արտոնությունից:
«Քանի դեռ մենք չենք նահանջել մեր եվրոպական արժեքներից մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների բնագավառներում, այդպիսի հիմք չկա: Եվ այդպիսի զարգացումների մասին խոսելը հիմնավոր չէ»,- ասաց նա: