Վահան Արծրունին՝ զինանշանի և հիմնի փոփոխման անհրաժեշտության մասին
Երեկ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում բարձրացվել էր դրոշի, հիմնի և զինանշանի փոփոխելու անհրաժեշտության հարցը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը նշել էր, որ հարցն առաջացել է, քանի որ մոտ ապագայում սպասվում է նաև ՀՀ Սահմանադրության փոփոխություն: Այս թեմայի շուրջ այսօր զրուցեցինք առաջադեմ ստեղծագործող և կատարող Վահան Արծրունու հետ.
– Պարոն Արծրունի, Ձեր կարծիքով, զինանշանը, դրոշը, հիմնը փոփոխելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:
– Որքան գիտեմ, զինանշանի վրա դետալներ կան, որոնք չեն համապատասխանում ընդունված չափանիշներին և օրենքներին: Օրինակ, այնտեղ կա շղթա, որն ընդհատված չէ: Շղթան պետք է ընդհատվի, քանի որ մենք հաղթանակած երկիր ենք: Եթե նկատեք, թուրի բռնակը կա, ծայրը չկա, նկարված չէ:
Հետո՝ կենդանիները պետք է սովորաբար նայեն դեպի դուրս, այսինքն՝ մեր զինանշանի վրա պատկերված երկու կենդանիներից մեկը՝ արծիվը ներս է նայում, առյուծը՝ դուրս: Սա կոպիտ խախտում է, քանի որ կենդանիները պահպանիչ նշան են և նրանք պահպանում են երկիրը, այսինքն՝ եթե կենդանիներից մեկը նայում է ներս, նշանակում է՝ նայում է ներսի թշնամուն, որն աբսուրդ է: Այսինքն՝ նման դետալներ կան, որոնք պետք է շտկվեն և ես կողմնակից եմ դրան:
Իսկ ինչ վերաբերում է պետական հիմնին, այն պատմականորեն ընդունված երգ է եղել և դարձել է օրհներգ, բայց լավ գիտեք, որ շատ հակասություններ կան, այսինքն՝ մեղեդին, որպես այդպիսին, մեկը պնդում է, որ Քրիստափոր Կարա-Մուրզան է հեղինակը, մեկը պնդում է, որ ժողովրդական է, մեկը պնդում է, որ իտալական պրոտոտիպը կա: Որպեսզի նման տարաձայնություններից մենք խուսափենք, կարծում եմ՝ պետք է լրիվ նոր, համարժեք օրհներգ գրվի:
– Հանձնաժողովի անդամներից ոմանք կարծիք հայտնեցին, թե ՀՀ պետական օրհներգի երաժշտությունը պետք է լինի Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Դուք համամի՞տ եք սրա հետ, Դուք է՞լ եք կարծում, որ այսօրվա մեր կոմպոզիտորներից որևէ մեկը չի կարող հիմնին համարժեք երաժշտություն գրել:
– Ես համամիտ չեմ, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը պետք է օգտագործվի, քանի որ վերջինիս ստեղծածը՝ որպես երաժշտական տեսակ, լավն է, գրեթե անթերի, բայց այն Սովետական Երկրորդ Հանրապետության օրհներգն է, այսինքն՝ գաղափարային առումով այն չի համապատասխանում մեր անկախ և ազատ հայրենիքի կարգավիճակին: Իսկ ինչ վերաբերում է նոր ստեղծագործողներին, ապա պետք է հայտարարվի մրցույթ և այդ մրցույթն այնքան անցկացվի, մինչև ժողովուրդն ինքն ընտրի:
– Օրինակ, հիմնը փոխելու անհրաժեշտության մասին խոսվում էր դեռևս 2006 թվականին, երբ Մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովում քննարկվում էր հիմնի համար հնարավոր 5 տարբերակ, ընդ որում՝ դրանցից մեկը Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերով Տիգրան Մայսուրյանի գրած երաժշտությունն էր: Չի՞ կարող, օրինակ, նման տարբերակ լինել:
– Ես դեմ չեմ, բայց իմ դիրքորոշումն այսպիսինն է՝ որքան էլ, որ հաջողված լինի այդ ստեղծագործությունը, այնուամենայնիվ, սովետական շրջանի այդ կոմպոզիտորներն ընդհանրապես աշխատել են սովետական շրջանի գաղափարախոսությամբ: Մենք ոչ մի բան գրեթե չենք որդեգրել այդ համակարգից, դրա համար էլ ոչ մի բան չի կարող լինել դրանից:
Իսկ ինչ վերաբերում է առաջարկված 5 տարբերակներին, ապա ես համոզված եմ, որ եթե օբյեկտիվ մրցույթ լինի, այսինքն՝ կողմնապահություն չլինի, մեջը ծանոթ-մանոթ խառնելու չլինի և տարբեր տեսակի հրահանգավորումներ չտրվեն ներսից, ապա 5-ի փոխարեն 500 են լինելու առաջարկվող տարբերակները: Բայց եթե Ձեզ թվում է, որ այսօր հայտարարեցին և վաղը չէ մյուս օրը կընտրվի, ապա սխալվում եք. նման բաները շատ երկար են հղկվում:
– Հանձնաժողովի անդամ Լևոն Իգիթյանի խոսքով՝ այն, ինչ այսօր ունենք, մի խեղճ, թափթփուկ երկրի զինանշան է: Համամի՞տ եք:
– Դե, Լևոն Իգիթյանն իր պատկերացումներն ու սեփական արժեհամակարգն ունի, որին ես, ճիշտն ասած, մի փոքր կողմնապահորեն եմ վերաբերվում: Եթե ինքն այդքան հետևողական է, ապա իր սեփական պատկերասրահում՝ Ժամանակակից արվեստի թանգարանում, չպետք է թույլ տար ռաբիզ կլիպի նկարահանում, այսինքն՝ եթե թույլ է տվել, ուրեմն արժեհամակարգը հակասական է, ոչ հավաստի: