
123 մլն 600 հազար դրամ` «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին

Կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կարգի հաստատման համար հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլար:
ՀՀ ԿԳ նախարարություն է դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոցի հետ համագործակցելու առաջարկությամբ: Դրա նպատակն է ավելի ամուր հիմքի վրա դնել դպրոցի աշակերտների ազգային, բարոյական, հոգևոր դաստիարակությունը, խորը և համակողմանի գիտելիքների ուսուցումը: Ծրագիրը միտված է դպրոցը համապատասխանեցնել արդի կրթական չափորոշիչներին, վերածել համայնքի կրթական, սոցիալական և մշակութային կենտրոնի: Մայր Աթոռի և կրթօջախի համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կառավարության որոշմամբ դպրոցին տրվել է հիմնադրամի կարգավիճակ:
Ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով նիստում 123 մլն 600 հազար դրամ է հատկացվել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:
Կառավարության որոշմամբ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների 2014թ. հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդից 745 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետբյուջե` պետության այլ կարիքների բավարարման նպատակով օգտագործելու համար:
ՀՀ կառավարությունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է Երևանի Ահարոնյան 3 հասցեում գտնվող մոտ 5,5 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասը կադաստրային արժեքով վաճառել «Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին` բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով: