Մղձավանջը շարունակվում է` փլվող տան բնակչի աղերսանքը (տեսանյութ)
Armnewstv.am: Չեկած ամառ, փուլ եկավ երկնակամար: Սևակի տողերը գուցե ընդհանրական են, բայց բնորոշ հենց այս տանն ամենաուղիղ իմաստով: Խոհանոցից մնաց այսքանը, սեղան-աթոռի փոխարեն քարերի կույտ է, թափվել է ամիսներ առաջ, սակայն այսօր էլ վտանգավոր է հավաքելը, հոսքը գուցե շարունակվի:
Գայանե Հակոբյանի համար մղձավանջը սկսվեց մայիսին ու շարունակվում է մինչև այսօր, սեփական տունը ամբողջությամբ քանդվելու եզրին է: Առաջին պահից ու միջանցքի պատից սկսվում է ճաքերի ու ճեղքերի շարքը: Հյուրասենյակը մյուս սենյակների համեմատ բարեկարգ է, ճաքերը քիչ են ու փոքր, մինչդեռ միակ ննջասենյակն այլևս պիտանի չէ, պարզապես անհնար է այնտեղ գիշերել, որովհետև քարի բեկորները երբեմն հենց անկողնու ուղղությամբ են ընկնում: Այս վտանգի հետևանքով էլ Գայանեն դարձել է դստեր հսկիչ պահապանը` ամբողջ գիշեր հետևում է, որ քարեր չթափվեն վրան: Արմինեն էլ հաշմանդամություն ունի ու միակողմանի ծնողազուրկ է: Մայր ու աղջիկ ապրում են հենց այս քանդված պատերի ներսում: Գայանեն դիմել է գերատեսչություններին, օգնություն խնդրել, բայց առայժմ չեն աջակցել: Հարևան շինարարներն են եկել, տեսել ու հաշվարկել են` մոտ մեկ միլիոն դրամ է անհրաժեշտ:
Վերջին օրերին, երբ փլուզումները հաճախակի էին դարձել Գայանեն դիմել էր ԱԻՆ-ին: Մասնագետն էլ ուսումնասիրել է ու եզրակացություն կազմել` այստեղ ապրել չի կարելի, շինությունը վթարային է, տունն ամբողջությամբ վնասված: Գայանեն խնդրում է, որ իրեն օգնեն ու տունը վերականգնեն գոնե մինչև ձմեռ: