«Ի՞նչ է, ձեր ախորժակն ուտելի՞ս է բացվում». Ագրարային համալսարանի պրոռեկտորը՝ ՕԵԿ-ականներին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը և պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը ներկայացրին ՀՀ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կայացրած որոշումը՝ օգոստոսի 13-ին ՕԵԿ-ի և համալսարանի ուսանողների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ շինարարություն է իրականացնում Ագրարային համալսարանին հարակից տարածքում, սակայն համալսարանի անձնակազմը դեմ է:

Պարոն Էֆենդյանի խոսքով՝ ՕԵԿ-ի պատգամավորները դիմել էին ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին՝ բնութագրելով Ագրարային համալսարանի աշխատակիցների և ուսանողների վարքը որպես խուլիգանություն.

«Այն տարածքը, որը Կառավարության կողմից մեզ էր հատկացված, մենք պարզապես ցանկանում էինք պահել, քանդել ցանկապատը, բայց դա իրենք որակել են որպես խուլիգանություն: Իհարկե, հարիր չէ և վիրավորական է մինչև դատ լինելը նման որակավորում տալ: Այնուամենայնիվ, մենք երեկ չէ առաջին օրը ՀՔԾ-ի վարչության պետի տեղակալի ստորագրությամբ ստացանք Քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կայացված որոշումը՝ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի հաղորդման վերաբերյալ:

Կարդացեք նաև

Այսպիսով, քրեական գործ է հարուցվել մերժելու մասին: Իմիջիայլոց իրենք հաղորդել էին, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան 43/1 հասցեում: Սա, իհարկե, զարմանալի էր, քանի որ իրենք էլ շատ լավ գիտեին, որ այդ տարածքը նախկինում Քաղաքապետարանը իրենց է հատկացրել որպես հողատարածք 2008թ.: Այժմ այնտեղ կա երկհարկանի շենք առանց շինթույլտվության, առանց նախագծի: Վատ է այն, որ Երևանում գիշերով կառուցվեց երկհարկանի շենք, որի դեմն առնել ոչ ոքի չհաջողվեց: Անգամ դատարանի որոշում եղավ, որը կատեգորիկ արգելեց որևիցե աշխատանք կատարել՝ բացի տանիքի վերականգնումից, ԴԱՀԿ-ից եկան, ասացին՝ չի կարելի, դադարեցրեք, եկան Քաղաքապետարանից, երկու անգամ արձանագրություն կազմեցին և տուգանեցին մի անգամ 200 հազար դրամ, մի անգամ էլ՝ 2 մլն 500 հազար դրամ, բայց միևնույնն է, մարդիկ համառորեն կառուցեցին և դա նրանցից շատերի մոտ հպարտություն է առաջացնում:

Ի վերջո, քննիչը, մանրամասն ուսումնասիրելով բոլոր իրադարձությունները, եկել է այն եզրակացության, որ հանցակազմ չկա այստեղ, որ դեպքը տեղի է ունեցել Ագրարային համալսարանի տարածքում՝ Տերյան 74 հասցեում, այլ ոչ թե Աբովյան 43/1 հասցեում:

Իրենք բողոքել էին, որ մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, մեկը՝ գլխի, բայց պարզվեց, որ պարոն Մարգարյանը 7 տարի է ունեցել ողնաշարի ցավեր, խնդիրներ, իսկ տիկին Բիշարյանը հրաժարվել է բժշկական հետազոտությունից»:

Շարունակելով պարոն Էֆենդյանի խոսքը՝ Պարոն Պետրոսյանն ասաց, որ իրենց նպատակն է հիմա փորձել հանրությանը ճիշտ ներկայացնել իրավիճակը և դիմել Ազգային ժողովին, որպեսզի որակավորեն պատգամավորների վարքագիծը.

«Մարդիկ հայտարարություն են տալիս Գլխավոր դատախազին կատարված խուլիգանության, ցանկապատի քանդելու, վնասվածք հասցնելու վերաբերյալ, և հետո չեն ներկայանում բացատրություն տալու: Տերյան 74 հասցեում գտնվող տարածքն անվիճելիորեն պատկանում է Ագրարային համալսարանին, դա պետության սեփականությունն է, այստեղ գոյություն ունի պետության շահ, և պետական ատյանները պետք է արձագանքեն, թույլ չտան մտնել մեր տարածք, ավելին՝ նրանք շարունակում են 262,5 քառակուսի մետրից դուրս արդեն 190 քառակուսի մետր տարածքի վրա ևս կատարել ապօրինի շինարարություն:

Չէ՞, որ այդ տարածքը մենք պետք է դարձնեինք լաբորատորիա: Ի՞նչ է, «ախորժակն ուտելիս է բացվում» արտահայտությունը պետք է անընդհատ կրկնե՞ք: Էլ ո՞ւր եք գնալու, սիրելի ՕԵԿ-ականներ: Գիտեք, տաղավար տոն ասելիս ես ՕԵԿ կուսակցությունն եմ հիշում, քանի որ նրանք օգտագործեցին միայն տաղավար տոները՝ շաբաթ և կիրակի օրերը, միայն գիշերները»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս