
Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ողջունում է Կալիֆորնիա նահանգի Սենատի բանաձևը

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ս.թ. սեպտեմբերի 1 հայտարարություն է տարածել, որով ջերմորեն ողջունում է 2014 թ. օգոստոսի 27 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումը, որը «քաջալերում և սատարում է ԼՂՀ կողմից որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին գործադրված շարունակական ջանքերը` իր քաղաքացիների համար ազատ և անկախ պետություններին հարիր իրավունքներ երաշխավորելու նպատակով»:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի նախօրեին ընդունված այս բանաձևը ողջունում է իրավական պետության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ԼՂՀ ջանքերը:
Իր տնտեսական հզորությամբ աշխարհում 8-րդ տեղը զբաղեցնող Կալիֆորնիայի քվեարկությունը ցույց է տալիս, որ Արցախի անկախությունը անշրջադարձելի գործընթաց է, քանի որ այս ժողովրդավարական պետությունը այլևս չի կարող կցվել Ադրբեջանին, որը մարդու իրավունքները պաշտպանող բազմաթիվ կազմակերպությունների կողմից համարվում է բռնատիրական»:
Շրջանակը Ֆրանսիային կոչ է անում` Հանրապետության արժեքներին հավատարիմ լինելով, հետևել Կալիֆորնիայի օրինակին: