
ԱՄՆ-ը մոտ 200 զինծառայող է ուղարկում Ուկրաինա՝ միջազգային վարժանքների մասնակցելու համար

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սեպտեմբերին Ուկրաինա է ուղարկելու 173-րդ օդա-դեսանտային բրիգադի մոտ 200 զինվորականի, որոնք կմասնակցեն Rapid Trident ամենամյա զորավարժություններին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվեն Ուորենը:
Այդ զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 13-26-ին, Լվովից 60 կիլոմետր դեպի արևմուտք ընկած Յավորով քաղաքում: Դրանց մասնակցում է մի քանի պետություն: Ընդգծվում է, որ դրանք խաղաղապահ վարաժանքներ են, որոնց ժամանակ մասնավորապես մշակվելու են ինքնաշեն ռումբերին հակազդելու միջոցները:
Բացի այդ, ԱՄՆ ռազմածովային ուժերը հաջորդ շաբաթ Սև ծովում կմասնակցեն «Ծովային բրիզ» ծովային վարժանքներին, որոնց մասնակցելու են նաև Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի ու Ռումինիայի ներկայացուցիչները:
Այդ զորավարժության նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է ու դաշնակիցների և գործընկերների միջև փոխգործակցության հաստատումը: Դրանց մասնակցեու է ամերիկյան «Ռոսս» հրթիռակիր էսկադրոնային ականակիրն ու մոտ 280 ամերիկացի ծովային: