Ինչո՞ւ են Հայաստանի քաղաքացիները վերջին շրջանում հաճախակի գերի ընկնում

Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ Հայաստանի քաղաքացիները կտրում-անցնում են հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվում գերության մեջ: Առանձնակի խնդիր է այն, թե Ադրբեջանում ինչպես են վերաբերվում այդ գերիների հետ:

Վերջին դեպքն էլ տեղի ունեցավ օգոստոսի 26-ին, երբ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961 թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն էր հատել սահմանն ու գերի ընկել: Այս մասին ադրբեջանական կողմը հայտնեց միայն 6 օր անց՝ որպես ապացույց հրապարակելով տեսանյութ և լուսանկար:

Հենց Սարգիս Անանյանի, Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելու, ինչպես նաև՝ Կարեն Պետրոսյանի դիակի փոխանակման կամ վերադարձման խնդիրների շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ալվարդ Ղարիբյանն ու այրին՝ Ալվարդ Սահակյանը:

Ռիմա Առաքելյանի խոսքով՝ իրենք դատապարտում են Ադրբեջանի վարած քաղաքականությունը գերիների հարցով և նրանց վերաբերմունքն այդ նույն գերիների նկատմամբ: Ըստ նրա՝ Հակոբ Ինջիղուլյանի բախտը բերեց, որ նա տեղափոխվեց երրորդ երկիր, իսկ Կարեն Պետրոսյանի բախտն էլ՝ մահանալով, քանի որ ավելի լավ է՝ մահանար, քան գերության մեջ մնար նման տանջանքներով, խոշտանգումներով և անմարդկային վերաբերմունքի պայմաններում:

Ինչ վերաբերում է Կարեն Պետրոսյանի դիակի փոխանակման կամ վերադարձման խնդրին, Ռիմա Առաքելյանն ասաց, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում ոչ մի փոխհամաձայնության գալ, հանդիպել, բանակցել.

«Դիակի տեղափոխման հարցում դեռ ոչ մի շարժ չկա: Մենք ասել ենք, որ դիակի հանձնումը պետք է լինի առանց նախապայմանների, քանի որ 21-րդ դարում ինչպե՞ս կարող ենք նման բան մեզ թույլ տալ, առևտուր կատարել դիակի վրա: Ինչպես գիտեք, Կարեն Պետրոսյանի համար Ադրբեջանին քննադատել են և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, և՛ այլ երկրներ, նրանք նույնիսկ պահանջում են դիակի բժշկական հետազոտություն: Սակայն իրավիճակի դեռ ոչ մի փոփոխություն չկա»:

Տիկին Առաքելյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ գերիների խնդրին շուտափույթ լուծում տան, բանակցություններ անցկացնեն, նույնիսկ երրորդ երկրում հանդիպման առաջարկ է արվել, բայց մեր և իրենց հանձնաժողովները միմյանց հետ չեն համագործակցում.

«Հուսով ենք՝ գերտերությունների և միջազգային կառույցների արձագանքը նրանց խելքի կբերի, և նրանք կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ընդհանուր հայտարարի կգանք: Այդ ուղղությամբ հանձնաժողովը քայլեր է կատարում, և ստույգ նորություններ լինելու դեպքում՝ անպայման կհրապարակենք»:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում համապատասխան կառույց կա, որի անդամներն են գերիների, պատանդների մայրերը, հարազատները, և լրագրողների այն հարցին, թե արդյոք հայ գերիների և պատանդների հարազատները համագործակցո՞ւմ են նրանց հետ, փորձո՞ւմ իրենց չափով հարցի լուծմանն աջակցել, անհայտ կորած ազատամարտիկի մայրը՝ Ալվարդ Ղարիբյանն պատասխանեց, որ նման համագործակցություն չկա, և, որքանով իրենց հայտնի է, անգամ լուծարվել է, չկա այդ կառույցն Ադրբեջանում արդեն.

«Հավանաբար այնտեղի իշխանությունները թույլ չեն տվել, որ նրանք շարունակեն իրենց գործունեությունը, թեև նախկինում շփում եղել է: Օրինակ, մեր մայրերն ու մյուս հարազատներն այստեղ՝ Հայաստանում, շատ ակտիվ են, բայց այնտեղ կարծես բոլորին լռեցրել են»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաև այն հարցը, որ ադրբեջանական կողմից քաղաքացիներ չեն անցնում սահմանը, գերի չեն ընկնում, իսկ հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիները հաճախակի են գերի ընկնում:

Հարցին, թե ինչի՞ արդյունք է սա, արդյո՞ք սահմանի մասին վկայող որևէ նշաններ կամ փշալարեր չկան, Ռիմա Առաքելյանն ասաց, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում մշակություններ, դաշտավայրեր չկան, իսկ մեր ապրուստի միջոցը հենց այդ մշակություններն են, անասունները, որոնց հետևից գնալով էլ՝ հաճախ մերոնք կտրում-անցնում են սահմանը.

«Ինձ թվում է, որ կան սահմանի մասին վկայող ինչ-որ բաներ, բայց դե, գյուղացի մարդիկ են, գնում են իրենց խոտի, իրենց անասունի ետևից և մի քայլ անգամ այն կողմ դնելով՝ անցնում են սահմանը»:

Վերջում Ռիմա Առաքելյանը գերի ընկածների ծնողներին, հարազատներին և առհասարակ նրանց համար անհանգստացող բոլոր մարդկանց կոչ արեց զինվել համբերությամբ. «Հայ ժողովրդին դարեր շարունակ միասնությունն է փրկել: Մենք պետք է աղոթենք և ապրենք»:

Տեսանյութեր

Լրահոս