Անկեղծությունը գերադասելի է. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. ««Հորինված «Հայոց ցեղասպանության» դեմ մենք միասին կպայքարենք»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Եթե ադրբեջանական լրատվամիջոցը չի խեղաթյուրում պաշտոնյայի խոսքերը (իսկ նման բաներ հարեւան երկրում «պատահում են»), ապա Չավուշօղլուի պաշտոնավարության սկիզբը բավականին «խոստումնալից» է:
Իհարկե, նա իր ադրբեջանցի գործընկերների հետ պայքարելու է ոչ թե «ցեղասպանության դեմ», թեկուզ «հորինված», այլ նրա դեմ, որ աշխարհի որեւէ երկիր, երկրի որեւէ մաս կամ քաղաք ադեկվատ գնահատական տա իր նախնիների կատարած ոճրագործությանը:
Այդ համատեղ պայքարում, պետք է ենթադրել, մենակատարի դերը խաղալու է Թուրքիան, իսկ Ադրբեջանը, այսպես ասած, «դամ է քաշելու»: Մեւլութ Չավուշօղլուն քաջ հայտնի է մեր հասարակությանը: 2003 թվականից նա ԵԽԽՎ-ում ղեկավարում էր թուրքական կառավարությունը, 2010-12 թվականներին ԵԽԽՎ նախագահն էր:
Այս երկու պաշտոններում էլ նա դրսեւորվել էր որպես Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունների ջերմեռանդ աջակից, ինքն էլ էր լծվել ադրբեջանական պատվիրակության հակահայկական քարոզչությանը:
Այդ նույն քարոզչության շրջանակներում նա ԵԽԽՎ-ում փորձում էր ստեղծել «Ղարաբաղի հարցով հանձնաժողով», որը, բնականաբար, որեւէ դրական արդյունք չէր տա, բայց որը հնարավորությունը կտար Ադրբեջանին կրկնել «20 տոկոսի» եւ «1 միլիոնի» մասին իր առասպելները: Այդպիսի մի գործչի արտգործնախարար նշանակելն, իհարկե, հատկանշական է:
Պարզ է, որ այս պաշտոնը զբաղեցնող Դավութօղլուի հայացքները Չավուշօղլուի տեսակետներից ոչնչով չեն տարբերվում: Խոսքը միայն երանգավորումների եւ հռետորաբանության ագրեսիայի աստիճանի մեջ է: Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարության համատեքստում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է Էրդողանը ապրիլի 24-ին Երեւանում մասնակցելու «հնարած ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներին, երբ իր երկիրն Ադրբեջանի հետ պայքարելու է դրա դեմ: Մյուս կողմից, իմ կարծիքով, Չավուշօղլուի անկեղծությունն ավելի ընդունելի է, քան թուրք որոշ պաշտոնյաների «քաղցր ճառերը»»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։