Արյունով ավարտված դրախտը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քառյակի հրամանատար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերությամբ երեկ նշում էին Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակը, նշում էին նրա «ժամանակաշրջանի» մասին պատմող ֆիլմով, որը եթե կարճ նկարագրենք, ապա կարող ենք ասել, որ Հայաստանում նրա հաստատած «դրախտի» մասին էր, այն մասին, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը վեր հանեց գրեթե զրոյից և դարձրեց թռիչքաձև զարգացող երկիր:

Այդ ամենը, այսինքն՝ այն բովանդակությունը, որ մատուցվում էր, ըստ էության, նորություն չէ: Անցնող վեց տարիներին, ինչ Քոչարյանն այլևս նախագահ չէ, տարատեսակ հարցազրույցների, ելույթների, մեկնաբանությունների և այլնի տեսքով և՛ ինքը, և՛ շատ այլ անձինք ներկայացրել են նրա կառավարման «փայլուն» շրջանը:

Այստեղ ավելի հետաքրքրական է ֆիլմի փաստը, այն, որ հեռուստաեթերում է հայտնվում այդ ծավալուն քարոզչական հոլովակը, և ըստ էության հարց է ծագում՝ սա ընդամենը Ռոբերտ Քոչարյանի հոբելյանին արված ժե՞ստ էր, թե՞ ծավալուն քաղաքական հայտ՝ վերադարձից առաջ: Կամ էլ, միգուցե, հետախուզություն՝ հասկանալու համար, թե ինչ արձագանք կտա հասարակությունը:

Վերջին հաշվով՝ հեռուստատեսությունն այլ ֆորմատ է, ավելի լայն տարածում ունեցող, անհամեմատ լայն, քան մինչ այսօր ունեցել են այն ֆորմատները, որոնցով Քոչարյանն ու նրա ջատագովները հանդես են եկել:

Այսինքն՝ ֆիլմն, իհարկե, անհամեմատ ավելի լայն տարածում ունեցող ֆորմատ է և լավ միջոց՝ հանրային կարծիքը պարզելու, ուսումնասիրելու համար: Ամենայն հավանականությամբ, Քոչարյանի թիմը կուսումնասիրի հասարակական արձագանքը՝ հասկանալու համար, թե արդյոք ի՞նչ հիմքեր կան ակտիվ քաղաքականություն վերադարձի համար, ի՞նչ, այսպես ասած, թույլ կողմեր կան, որոնց վրա պետք է աշխատել առաջիկա երեք տարիներին՝ մինչև հերթական ընտրությունների ժամանակաշրջանը:

Այս տեսանկյունից ֆիլմը, երևի թե լինելով և՛ ձոն հոբելյանին, և՛ հայտ քաղաքական վերադարձի համար, իրականում ավելի շատ հետախուզական աշխատանք էր՝ պարզելու համար վերադարձի հիմքերի ամրությունը: Եվ այստեղ, ինչպես ասում են, այսօր գնդակը հասարակության դաշտում է:

Կարելի էր ասել նաև, որ գնդակը ընդդիմության դաշտում է, սակայն այս առումով նախ՝ Հայաստանում այլևս ընդդիմություն չէ, այլ ոչ իշխանություն, և ըստ էության հենց հասարակության խնդիրն է նաև ստեղծել քաղաքական իրական ընդդիմություն, որն ընդդիմություն է համակարգին, ոչ թե համակարգի մեջ:

Մյուս կողմից՝ ներկայիս ոչ իշխանությունը գլխավորում է այն ուժը, որի առաջնորդի սեփականությունն է հանդիսանում այն հեռուստաընկերությունը, որով էլ ըստ էության Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հիմքերի լայն հետախուզությունը կամ ուսումնասիրությունն է սկսվում:

Խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին է, որը հանդիսանում է Հայաստանում ոչ իշխանական քառյակի առաջատար ուժը: Այդ կոնտեքստում վերստին առաջանում է հարցը ոչ իշխանական քառյակի և Ռոբերտ Քոչարյանի միջև կապի մասին:

Քառյակի առնվազն երկու մասնակիցները՝ ՀԱԿԿ-ն ու «Ժառանգությունը», հերքում են այդ կապի գոյությունը: Մինչդեռ եթե այդ կապը չկա, ապա ըստ էության ստացվում է այն, որ ոչ իշխանական քառյակի առաջատար ուժը զբաղվում է քառյակի մրցակցի գովազդով, ինչը առնվազն պետք է որ հարցեր առաջացնի քառյակի նրա գործընկերների համար: Սակայն այս բոլոր հարցերից առաջ, իհարկե, մնում է ամենակարևոր հարցը, որը շրջանցված մնաց Քոչարյանի մասին պատմող ֆիլմում՝ Մարտի 1-ը:

Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակն է լրանում, իսկ Հայաստանի 10 քաղաքացիների կյանքը ընդհատվեց այդ շեմից տասնամյակներ հեռու, որովհետև Ռոբերտ Քոչարյանի հրամանով 2008 թվականի մարտի 1-ին ուժային գործողություն սկսվեց այդ հազարավոր և այլ քաղաքացիների խաղաղ ցույցի նկատմամբ, որով նրանք բողոքում էին ընտրակեղծիքի դեմ և պահանջում էին օրինական իշխանություն»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս