«Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյալների գործը մակագրվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորին
«Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյաներ՝ Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Սամվել Ուզունյանին: Ինչպես հայտնել էինք, դատարան ուղարկված քրեական գործը մակագրվել էր դատավոր Դավիթ Հարությունյանին, ով քննել էր «Հարսնաքարի» գործը: Վերջինս ինքնաբացարկի մասի որոշում էր կայացրել՝ նշելով, որ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հարսանքարի» քրեական գործը քննվել է իր վարույթում, իսկ այս գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումների, մեղադրական եզրակացության համաձայն` մեղսագրվող արարքները տեղի են ունեցել իր ներկայությամբ, ինչպես նաև ղեկավարվելով ցանկացած կողմնակալություն բացառելու ու դատավարության մասնակիցների մոտ կողմնակալության վերաբերյալ անգամ սուբյեկտիվ պատկերացումները հերքելու կանխավարկածից, գտնում է, որ պետք է կայացնել ինքնաբացարկի մասին որոշում:
Նշենք, որ Սամվել Ուզունյանը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է: Նա հայտնի է որպես «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր:
Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մարտի 24-ին, ժամը 14.00-ից, որպես ամբաստնյալ մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենց վերաբերյալ քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում, «ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը», դատարանի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:
Նրանց մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով):
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի