«Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյալների դեմ հարուցված նոր քրեական գործը մակագրվել է «Հարսնաքարի» գործը քննած դատավորին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել «Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյաների դեմ հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մարտի 24-ին, ժամը 14.00-ից, որպես ամբաստնյալ մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենց վերաբերյալ քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում, «ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը», դատարանի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:
Նրանց մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով):
Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց չի ընտրվել:
Նշենք, որ քրեական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին. հենց նա է քննել «Հարսնաքարի» գործը՝ վճռելով բոլոր վեց ամբաստանյալներին մեղավոր ճանաչել և դատապարտել 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: