Գեներալի կարծիքով՝ ազատամարտիկների աճյունները պետք է մնան Ծիծեռնակաբերդում. «Նրանք վեր կացան, որ 2-րդ ցեղասպանությունը չլինի»
Ինչպես հայտնի է՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ Ծիծեռնակաբերդից ազատամարտիկների աճյունները տեղափոխել Եռաբլուր, ինչը մեծ քաննարկումների ու քննադատությունների առիթ հանդիսացավ: Պարույր Հայրիկյանն այս առաջարկությամբ դիմել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ ԱԻՄ նախագահի՝ խոստացել է հարցը քննարկել:
Պ. Հայրիկյանը կարծում է, որ Ծիծեռնակաբերդը լինելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր, չպետք է տարակուսանք առաջացնի այն մարդկանց մոտ, ովքեր կհարցնեն, թե ում աճյուններն են թաղված այնտեղ. «Պատկերացրեք, ցեղասպանության հուշարձանն այցելելիս՝ տեսնելու են այդ շիրմները և հարցնելու են՝ ովքե՞ր են այստեղ հողին հանձնված: Պատասխանը պետք է լինի՝ հայ-ադրբեջանական հակամարտության զոհեր: Հա, ուրեմն 1915 թվականին է՞լ է այդպիսի հակամարտություն եղել: Ուրեմն՝ ճիշտ էին թուրքերը, որ ասում էին՝ հայերն էլ թուրք են սպանել, կռիվ է եղել, իրար սպանել են: Հայերը դա կոչում են ցեղասպանություն, թուրքերն էլ ասում են՝ նման բան չի եղել: Այսինքն՝ սա շատ լուրջ սխալ է»,- մեզ հետ զրույցում իր առաջարկն այսպես էր հիմնավորել Պարույր Հայրիկյանը:
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այս առնչությամբ ասաց, որ հայերն ունեն իրենց «ադաթները» և ինքը չի կարող ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ. «Կարծում եմ՝ եթե այնտեղ մարդիկ պառկած են, թող մնան: Այնտեղ այնպիսի մարդիկ են, որոնց ես լավ եմ ճանաչում»:
Մեր հարցին, թե նա դեմ չի՞ լինի, որ աճյուններն այնումանեայնիվ տեղափոխեն, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, այդ հուշարձանը դրված է 1915 թվականի զոհերի համար, իսկ նրանք, կարծում եմ, նույնպես կարող են այնտեղ գտնվել: Այն այգի, ստադիոն, ակումբ չէ, այն վայր է, որտեղ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1915 թվականի զոհվածներին: Իսկ արցախյան ազատամարտի զոհերը կարծես պաշտպանյալներն են այդ մարդկանց. նրանք թույլ չտվեցին 2-րդ 1915 թվականը, նրանք վեր կացան, որ 2-րդ ցեղասպանությունը չլինի»: