Պարույր Հայրիկյանը Հովիկ Աբրահամյանին փորձելու է բացատրել՝ Ծիծեռնակաբերդից որոշ շիրիմներ տեղափոխելու կարևորությունը

«Քիչ հետո հանդիպելու եմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ խոսելու մասնավորապես` ցեղասպանության 100-ամյակի հետ կապված շիրիմները Ծիծեռնակաբերդի համալիրից տեղափոխելու հարցի մասին»,- ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պ. Հայրիկյանի խոսքով՝ այդ առաջարկը բավական մեծ աղմուկ առաջացրեց ու անգամ նրան քննադատեցին. «Քննադատեցին, իհարկե, երևույթը չհասկացողները, ում ոչ թե պետք է հակադարձել քննադատությամբ, այլ հակադարձել բացատրական լրացուցիչ աշխատանքով»:

ԱԻՄ առաջնորդը նկատեց, որ ցեղասպանության 100-ամյակի հետ կապված մեծ թվով մարդիկ, նաև պետությունների առաջնորդներ են այցելելու Հայաստան. «Պատկերացրեք, ցեղասպանության հուշարձանն այցելելիս՝ տեսնելու են այդ շիրմները և հարցնելու են՝ ովքե՞ր են այստեղ հողին հանձնված: Պատասխանը պետք է լինի՝ հայ-ադրբեջանական հակամարտության զոհեր: Հա, ուրեմն 1915 թվականին է՞լ է այդպիսի հակամարտություն եղել: Ուրեմն՝ ճիշտ էին թուրքերը, որ ասում էին՝ հայերն էլ թուրք են սպանել, կռիվ է եղել, իրար սպանել են: Հայերը դա կոչում են ցեղասպանություն, թուրքերն էլ ասում են՝ նման բան չի եղել: Այսինքն՝ սա շատ լուրջ սխալ է, և քանի որ ընդամենը վարչական իշխանությունների կատարելիք քայլ է, այս հարցով ես խոսում եմ Հովիկ Աբրահամյանի հետ՝ փորձելով նրան բացատրել հարցի կարևորությունը»:

Պ. Հայրիկյանը նշեց, որ շիրիմների տեղափոխման արարողակարգ գոյություն ունի. «Անդրանիկն է տեղափոխվել, Դրոն է տեղափոխվել, մենք հատուկ արարողակարգ ունենք, այնպես որ՝ ոչ մի խոչընդոտ չկա: Մյուսներին էլ պետք է տեղափոխել Եռաբլուր, որովհետև երբ նրանք հողին են հանձնվել, Եռաբլուրը չի եղել: Ծիծեռնակաբերդում պետք է լինեն միայն 1915-23 թվականների ցեղասպանության զոհերի շիրիմները, բայց այդտեղ չպետք է լինի հայ-ադրբեջանական հակամարտության, կամ որևէ այլ ողբերգության կամ հերոսական դրվագի որևէ հուշարձան»:

Տեսանյութեր

Լրահոս