Յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին Ղարաբաղն անկախ պետություն է համարում. հարցում
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) տվյալներ է ներկայացրել այն մասին, թե ռուսաստանցիները որքանով են տեղեկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, կարող է արդյոք հակամարտությունը կարգավորվել խաղաղ ճանապարհով եւ ինչպիսի կարգավիճակ ունի Լեռնային Ղարաբաղը:
Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի՝ հարցման արդյունքները ցույց են տվել, որ ռուսաստանցիների 45%-ը տեղյակ է, որ օգոստոսի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճ է գրանցվել: Նրանց 10%-ը, ի դեպ, մանրամասն տեղեկացված է եղել, իսկ 35%-ը պարզապես լսել է այդ մասին: Տեղեկացվածության բարձր մակարդակ նկատվել է հատկապես տարեց մարդկանց շրջանում (55%-ը` 60 տարեկանից բարձր) եւ ավելի շատ տղամարդկանց (51%), քան երիտասարդների (31%) ու կանանց (41%) շրջանում: Միաժամանակ` հարցվածների 52%-ը հարցման ժամանակ առաջին անգամ է լսել այդ իրադարձությունների մասին:
Յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին (24%) կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է: Հարցվածների կեսից ավելին` 56%-ը, հնարավոր է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը եւ միայն 14%-ն է հակված եղել տարբերակին, թե հակամարտության կարգավորումն անհնար է առանց զենքի կիրառման: 30%-ը որեւէ դիրքորոշում չի հայտնել։
Համառուսաստանյան կենտրոնի կողմից հարցումն անցկացվել է օգոստոսի 16-17-ը։