Խուսափել զոհի կարգավիճակից. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. ««Ով լուսավոր Եվրոպա, քո խոսքն ո՞ւր մնաց հապա,/ Մեր խեղճ երկիր Արմենիա թողիր քանդած, խարաբա»:
Ժողովրդական ֆոլկլոր է, որը տարածվել էր ցեղասպանությունից հետո: «Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,/ Արեւի պես, երկի՚ր իմ, կըվառվես վառման»: Մեծ բանաստեղծի տողերն են, որոնք գրվել են նույն ժամանակահատվածում: Երկու մոտեցում. մեկը առօրյա, սովորական՝ այն, ինչ մենք ամեն օր լսում ենք փողոցում եւ սրճարաններում, երկրորդը՝ մտքի, հոգու աշխատանքի արդյունք:
Մեկը՝ «ճակատագրի հարվածների» դեմ անզոր մարդու հուսահատ կշտամբանք, որն ուղղված է դրսի ուժերին, մյուսը՝ հպարտ, վստահ մարտահրավեր, որը նույնպես ուղղված է աշխարհին:
Ոչ մի անհատի, ոչ մի ազգի կյանք բաղկացած չէ միայն հաճույքներից, հաջողություններից եւ հաղթանակներից: Ինձ թվում է, որ դժվարություններն ու կորուստները ինչ-որ չափով նաեւ անհրաժեշտ են եւ օգտակար, քանի որ թույլ չեն տալիս մեզ թուլանալ, ապրել երազանքների խաբուսիկ աշխարհում, օգնում են դիմավորել իրականությունը բաց աչքերով: Իսկ հետո ամեն ինչ կախված է մեր գնահատականից:
«Մեզ (ինձ) խաբեցին, մեզ չպաշտպանեցին, մեզ թողեցին միայնակ նենգ թշնամու դեմ»՝ մի մոտեցում է: «Մենք (ես) կկպնենք գործին եւ խնդիրը լուծենք: Իսկ եթե չկարողանանք, ապա վստահ կլինենք, որ արել ենք հնարավորն ու անհնարինը»՝ այլ տեսանկյուն է: Ընտրենք, թե որն է մեզ ավելի ձեռնտու: Իսկ առաջին բանը, որը պետք է անել` մեր բառապաշարից «խեղճ» բառը հանելն է: Ինքներս մեզ, մեր մերձավորներին եւ հատկապես մեր ազգին երբեք «խեղճ» չանվանենք»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։