Երկրի ողնաշարը. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար էներգիայի ամենահզոր աղբյուրը (թող վերամբարձ չհնչի) Հայաստանի հողն է, եւ երբ հնարավորություն կա՝ Երեւանի ասֆալտից եւ նեղ գրասենյակներից դուրս գալու եւ շփվելու այդ հողի հետ, քայլելու այդ հողի վրայով, առիթը բաց չեմ թողնում:
Հողը եւ նրա մարդիկ ապրում են այլ հոգսերով, այլ ռիթմով, եւ երբ վերադառնում ես քաղաք, աչքի է զարնում այդ ռիթմերի եւ հոգսերի տարբերությունը, մասնավորապես՝ «համացանցային» եւ իրական կյանքի միջեւ ընկած անդունդը:
«Այստեղ» կան ինչ-որ «բազեներ» եւ ինչ-որ մարդիկ, որոնք այդ «բազեներին» հայհոյում են: Ինչ-որ մարդկանց մի խումբ ցանկանում է «թախտից գցել» մարդկանց մեկ այլ խմբի, վերջինս էլ ցանկանում է հավերժ նստել այդ թախտին:
«Այնտեղ»՝ ժամանակին կթել կովերին, հետեւել, որ կենդանիները չհիվանդանան, ժամանակին տանել նրանց արածելու, ժամանակին հետ բերել, այնպես անել, որ նրանք երեկոյան չկորչեն, հավաքել որքան հնարավոր է շատ խոտ, այն բարձել «լաֆետներն» ու բեռնատարները եւ բերել գյուղ՝ հնարավորինս առանց «կորուստների» (դարուփոս ճանապարհին այդ խոտը անխուսափելիորեն թափվում է):
Այն մարդիկ, որոնց ես տեսել եմ այս վերջին օրերին, չեն բողոքում եւ չեն փնթփնթում, չեն սպասում, որ պետությունը նրանց համար «զավոդ» բացի, որ գնան աշխատեն, ոչ մեկից օգնություն կամ «բարեգործություն» չեն սպասում: Այդ մարդիկ հպարտ են, իմաստուն, զուրկ մանր նախանձից եւ ինքնաքայքայիչ չարությունից: Բնականաբար, այդպիսի մարդիկ կան Հայաստանի բոլոր բնակավայրերում, նաեւ՝ Երեւանում»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։