Աբգար Ափինյան. «Հայոց բանակը հայ աղջկա պայծառ, լավատեսական հայացքի կարիքն ունի»
Սահմանային վերջին լարումների օրերին Երևանի գրողների միության (ԵԳՄ) անդամները «Գրողը՝ զինվորի կողքին» նախաձեռնության շրջանակում կատարել էին այցելություններ դեպի սահմանային զորամասեր: Այցելություններից ստացած տպավորություններով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը:
Վերջինիս խոսքով՝ իրենք ընդամենը շարունակել են այն ավանդույթը, որ Գրողների միությունը միշտ ունեցել է թե՛ Հայրենական պատերազմի տարիներին և թե՛ հետագայում. «Այցելությունն իրականացրինք Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Մեր նպատակն էր տեսնել սահմանը, դիրքերը, մեր զինվորների վիճակը, քանի որ հաճախակի էին դարձել դիվերսիոն գործողությունները, ունեցել էինք զոհեր, և մեր անհանգստությունը մեծ էր: Սակայն այն, ինչ տեսանք սահմանին՝ դիրքերում, այնքան տպավորություն գործեց մեզ վրա, որ մեկ տարի բավարար է. մենք տեսանք երիտասարդ զինվորների, որ առյուծի սիրտ ունեն: Հրամանատարները զարմանալի դեպքեր էին պատմում, թե ինչպես տասնութամյա վիրավոր զինվորը չի լքում դիրքը, զենքը չի թողնում և այլն:
Հպա՛րտ եղեք, հայե՛ր. մենք ունենք մի ժողովուրդ, որի մեջ ապրում է անկանխատեսելի կորով: Աշխարհի ամենազարմանալի ազգն ենք մենք. գնացել էինք մեր զինվորներին ոգևորելու, բայց ինքներս ոգևորված վերադարձանք, քանի որ այսօր մեր երկրում չկա ավելի առողջ կառույց, քան բանակն է:
Եղել ենք տարբեր զորամասերում՝ Իջևանում, Նոյեմբերյանում և այլուր: Եղել ենք այդ զորամասերի գրադարաններում:
Ի դեպ՝ գրադարանավարուհուն հարցրինք, թե ինչ են սիրում կարդալ մեր զինվորները, նա ասաց՝ սիրավեպեր: Մի փոքր անակնկալ պատասխան էր. պարզապես մարդկային գեղեցիկ մի վիճակ: Մենք նրանց բազմաթիվ գրքեր նվիրեցինք, ես այն կարծիքին եմ, որ զինվորին պիտի տանք լավ գրականություն: Կցանկանայի, որ շատ գրողներ մասնակցեին այս այցելություններին, որ իմանան ինչի մասին և ինչպես գրեն: Շատ կային ստեղծագործող զինվորներ, հրամանատարներ, որոնց գործերը շուտով աստիճանաբար կհրապարակենք»:
Ա. Ափինյանը նշեց, որ իր ամենատպավորիչ զգացողությունը փոփոխությունն էր մեր աղջիկների մեջ. «Զինվորականների հետ գնացել էինք խանութ, և այնտեղ ինձ մոտեցավ մի աղջիկ ու ասաց, որ ցանկանում է բանակ գնալ: Նույն ցանկությունը հայտնեց նաև տաղավարներից մեկի մոտ սպասարկող աղջիկը: Ես նրանց ասացի, որ անպայման գնան, քանի որ հայոց բանակը հայ աղջկա պայծառ, լավատեսական հայացքի կարիքն ունի: Իսկապես հայ կնոջ մասնակցությունը մեր հասարակական կյանքին պիտի ակտիվանա:
Շատ կցանկանայի, որ մեր պատգամավորներն էլ լինեին բանակում, բայց ոչ թե պաշտոնական այն այցով, որ երբեմն անում են, այլ ուղղակի գնան, զինվորի հացը կտրեն, զինվորի հետ զրուցեն»:
Ա. Ափինյանի խոսքով՝ մեր գրականության համար ևս շատ օգտակար է շփումը հայ զինվորի հետ, քանի որ նրանք էլ գրողին են փոխանցում ուժեղ բազուկի փիլիսոփայությունը, որը պիտի հակադրել նվնվան, վախկոտ հոգեբանությանը, որ մեր գրականության մեջ այսօր, ցավոք, կա: