Թուրքագետը Հայաստանի և հայության նկատմամբ ավելի ագրեսիվ ու ոչ հանդուրժողական քաղաքականություն է կանխատեսում Էրդողանի կառավարությունից

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հնդիպման ժամանակ՝ խոսելով Թուրքիայում նախընտրական և հետընտրական զարգացումների մասին, ասաց, որ այս նախագահական ընտրությունները տարբերվում էին նախորդներից, որովհետև առաջին անգամ ժողովուրդն ուղղակի ընտրում էր նախագահին. «Այս ընտրություններում մենք տեսանք ազգայնականների մրցապայքար, այսինքն, ըստ էության, երկու տարբեր ազգայնականությունների ընտրապայքար էր սա: Առաջինը իսլամական ազգայնականություն, որի ներկայացուցիչը Էրողանն էր, երկրորդը՝ երկու ազգայնական այլ ուժեր՝ քեմալական ազգայնականներն ու գորշ գայլերը, միավորված հանդես էին գալիս: Եթե նկատենք, այդ երկու մրցակցները՝ Էրողանը և Իսանօղլուն, հավաքեցին ձայների մոտ 80-90%-ը, ինչը ցույց է տալիս, որ Թուրքիայի ընտրազանգվածի մի մասն իր նախընտրություններով ազգայնական է, ագայնական այս կամ այն թևին է հարում:

Այս ընտրություններում հետաքրիր էր քուրդ թեկնածուի հարցը, որը ցույց տվեց, որ քրդերը գտնվում են քաղաքացիական ինքնության աճի պրոցեսում, ինչը բավականին հետաքրքիր քաղաքական պլատֆորմ է՝ հետագայում քրդական խնդիրը էլ ավելի հետաքրքիր քաղաքական դաշտ տեղափոխելու համար:

Ընտրությունները նաև ցույց տվեցին, որ քուրդ թեկնածուին ձայն են տվել ոչ միայն քրդաբնակ տարածքները, այլև Թուրքիայի տարբեր նահանգներ: Սա խոսում է քաղաքացիական ինքնագիտակցության աճի մասին:

Երրորդ հանգամանքն այն է , որ քաղաքականության մեջ ոչ հայտնի մի գործիչ՝ Էքմելեդդին Իսանօղլուն, հավաքեց 38 տոկոս ձայն, ինչը վկայում է, որ քեմալական ազգայնականներն ու գորշ գայլերն ունեն կայուն ընտրազանգված ՝ անկախ անձից, անկախ նախագահի թեկնածուից: Այս ամենը հետաքրքիր զարգացումների կարող է հանգեցնել հետագայում, այսինքն՝ մոտ ապագայում, երբ Թուրքիայում կլինեն խորհրդարանական ընտրություններ մյուս տարի և կարող ենք ասել, որ քեմալականներն ու գորշ գայլերը միգուցե հանդես գան միասնական ցուցակով և բավականին խնդիրներ հարուցեն այս պահին գործող կուսակցության համար»:

Կարդացեք նաև

Թուրքագետն այս պահին կարևորում է նախագահ Գյուլի հետագա պահվածքը՝ արդյոք նա կդառնա՞ երիտասարդ թոշակառու, թե՞ կշարունակի քաղաքականության մեջ ունենալ որոշակի ամբիցիաներ «Այս հանգամանքով էլ կարող են հետագա քաղաքական զարգացումները պայմանավորվել: Նախագահ Գյուլը հայտարարել է, որ վերադառնալու է քաղաքական կուսակցություն, բնականաբար եթադրվում է՝ կուսակցության ղեկավարի ստատուսով, բայց այս պահին Գյուլը չի կարող լինել վարչապետ, քանի որ վարչապետ լնելու համար պետք է լինի պատգամավոր, և կարծում եմ՝ մինչև 2015թ. ընտրությունները Թուրքիայում կլինի անցումային մի վարչապետ, որը ամենայն հավանականությամբ կլինի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, իսկ Արտործնախարարի պաշտոնը կստանձնի մեզ համար տխրահռչակ՝ Չավուշօղլուն: Իրական քաղաքական զարգացումներ կսկսվեն հենց 2015թ.:

Եթե Աբդուլլահ Գյուլի քաղաքական ամբիցիաները չբավարարվեն, ապա չի բացառվում, որ նա դուրս գա իշխող կուսակցությունից, ստեղծի իր առանձին ուժը, և Էրդողանից դժգոհ զանգվածը մի գուցե համալրի այդ կուսակցությունը, որից հետո՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության միանձնյա իշխանությունը լուրջ կասկածի տակ կարող է դրվել»,- ասաց նա:

Նախընտրական շրջանից խոսելով՝ անդրադարձավ Էրդողանի հակահայկական այն հայտարարությանը, որտեղ թեկնածուն ասաց, որ իրեն հայ են անվանել.

«Մի քանի տարի առաջ Էրդողանը հայտարարում էր, որ իր նախնիները տասնութերորդ դարում գաղթել են Բաթումիից և շատ հավանական է, որ ինքն ունի վրացական ծագում:

Գաղտնիք չէ, որ Էրդողանի կինն էլ արաբ է, և Էրդողանի ինքնության հարցը Թուրքիայի քաղաքական դաշտում բավականին արծարծվում է: Այս պահին կարող ենք ուղղակի եզրակացնել, որ Էրդողանը գտնվում է ինքնության ճգնաժամի մեջ և միգուցե նրան պետք է հաջողություն մաղթել՝ գտնելու համար իր իրական ինքնությունը: Իսկ հակահայկական հայտարարությունը ավելի շատ օգնեց Էրդողանին, քան վնասեց, որովհետև նա կորցրեց փոքրաթիվ հայ համայնքի չկողմնորոշված ձայները, որը նրա համար մեծ խնդիր չէր»:

Թուրքագետը Հայաստանի և հայության նկատմամբ ավելի ագրեսիվ ու ոչ հանդուրժողական քաղաքականություն է կանխատեսում Էրդողանի կառավարությունից, որի համար հիմք է հանդիսանում Էրդողանի անհավասարակշիռ անձը, ոչ հանդուրժողական կերպարը և իր ազգայնական ընտրազանգվածին գոհացնելու խնդիրը: Նաև հատաքրքիր է համարում, որ Էրդողանի առաջին այցը, որպես նախագահ լինելու է Ադրբեջան և, այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն.

«Ադրբեջան այցի ժամանակ վստահ եմ, որ գերիշխելու է հակահայկական, հակահայաստանյան հռետորաբանությունը, նորից շեշտվելու է թուրք-ադրբեջանական բարեկամությունը: Իսկ Հյուսիսային Կիպրոսում էլ բնականաբար գերիշխելու են հակահունական հայտարարությունները»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս