
«Ամոթ է. ոչ ոք նման շռայլություն թույլ չի տալիս իր երկրում»

Ինչպես հայտնի է, վերջերս Կառավարությունը որոշում կայացրեց ընթացիկ տարում Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խորանարդ մետր ջուր վերցնելու մասին՝ պատճառաբանմամբ, թե վտանգված է Արարատյան դաշտի գյուղացիական համալիրը, քանի որ պարզվել է՝ մեր ունեցած ջրի պաշարները շուտով արագ սպառվելու են: Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու լրացուցիչ ջուր վերցնել Սևանա լճից: Այն մասին, թե ինչ էկոլոգիական հետևանքներ կունենա այդ ամենը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին բնապահպան Կարինե Դանիելյանը և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Կարինե Դանիելյանի խոսքով՝ այժմ ավելի է սրվել խնդիրը, և անցյալ տարվա համեմատ այս տարի արդեն 10 սմ-ով իջել է լճի մակարդակը. «Երբ Կառավարությունում քննարկվում էր այդ լրացուցիչ ջրառի հարցը, ես առաջարկեցի անկախ փորձագետների խումբ ձևավորել և ուսումնասիրել հարցը: Հետո նաև առանձին հանդիպեցի վարչապետի հետ, նա համաձայնեց, ասաց՝ տվեք ցուցակ, հաստատենք: Հիմա մենք անկախ փորձագետների հետ քննարկում ենք, որպեսզի կողմնորոշվենք երկու իրար հակասող տեսակետների միջև. մեկը՝ ամեն ինչ ճիշտ ենք անում, պարզապես բնության փոփոխություններն են, մյուս տեսակետը, որ շրջանառվում է ամբողջ մամուլով, դավադրությունն է Սևանի նկատմամբ: Այժմ մենք բանակցում ենք մասնագետների հետ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են թե՛ Սևանի խնդիրներով, թե՛ առհասարակ Հայաստանի ջրային ռեսուրսների խնդիրներով: Կփարձենք օբյեկտիվ տեսակետ մշակել և ներկայացնել հանրությանն ու իշխանություններին»,- ասաց նա:
Էվելինա Ղուկասյանը նշեց, թե ցանկանում է մի փոքր լավատես լինել և չմտածել, որ մեր երկրում կան դավադիրներ, թշնամիներ, որոնք որոշել են սպառել Սևանա լիճը, քանի որ այն իսկապես մեր հանրապետության համար զարկերակ է, և եթե սպառողական մոտեցում դրսևորենք նաև Սևանի նկատմամբ, հանրապետությունը կհասցնենք աղետալի վիճակի.
«Սևանը ջրամբար չէ: Մենք բազմիցս արդեն ասել ենք, սակայն ջրային ռեսուրսների կառավարման հարցերով զբաղվող պետական այրերը դժվարանում են դա հասկանալ և Սևանա լճի ջրային ռեժիմը վերածել են ջրամբարային ռեժիմի. մեկ բարձրացնում են, մեկ՝ իջեցնում: Իսկ լճում ընդհանրապես ջրային ռեժիմի տատանումներն իրենց բացասական հետևանքներն են ունենում ամբողջ էկոհամակարգի վրա. դրանք կարող են նաև սեյսմիկ վտանգ առաջացնել երկրում: Պետք է հասկանալ, ի վերջո, որ Սևանա լիճը կենդանի օրգանիզմ է, որտեղ պիտի հավասարակշռություն հաստատվի, և դա ինչ-որ տնտեսական նպատակով կատարվող քայլ չէ: Այս ամենի հիմքում ընկած է անպատասխանատվությունը: Սևանը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի. այն ոչ միայն ջուր է, այլև կլիմայական գործոն, սննդի աղբյուր, հետևաբար՝ եթե ուզում ենք ունենալ ամուր թիկունք, պետք է ունենանք ձկնային ռեսուրսներ, որն անտարբեր ու սխալ քաղաքականության հետևանքով կորցնում ենք:
Այս ամենը ջրային ռեսուրսների վատ կառավարման խնդիր է. հասնել մինչև 60% ջրային ռեսուրսների կորստի, նշանակում է պարզապես ջրերը լցնել գետը և ուղարկել հարևան երկրները: Հետևաբար՝ պետք է լուրջ վերահաշվարկ և լուրջ աշխատանք կատարել, որպեսզի գոնե 20%-ով իջեցվի այդ ցուցանիշը: Այդ դեպքում անգամ եթե խիստ անհրաժեշտություն լինի Սևանա լճից ջուր բաց թողնելու, գոնե կկարողանանք պահպանել այդ հավասարակշռությունը և չենք թողնի մակարդակն իջնի: Ամոթ է. ոչ ոք նման շռայլություն թույլ չի տալիս իր երկրում»:
168.am-ի հարցին, թե իրենք լուծման ի՞նչ տարբերակներ են առաջարկում Արարատյան դաշտի չորացման խնդրի համար, Կարինե Դանիելյանը պատասխանեց, թե նախ՝ բոլոր ձկնաբուծարանները պիտի շրջապտույտ անցնեն. «Հիմա գոնե ամենախնայողական ռեժիմի պետք է անցնել, հետո նոր տեսնենք, թե ինչ կարելի է անել: Այնքան կապված են իրար հետ, որ հենց Սևանը սկսեց իջնել, սկսեցին չորանալ շատ աղբյուրներ ամբողջ տարածաշրջանում: Ես վերջնական պատասխան դեռ չունեմ, հույս ունեմ, որ մեր խումբը կաշխատի և իր առաջարկությունները կանի»: