Բաժիններ՝

Ագրարային համալսարանի պրոռեկտորը՝ ՕԵԿ-ի հետ ընթացքող ընդհարումների մասին. «Փաստորեն, նույն տարածքի վրա 2 սեփականատեր կա»

«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ սեպտեմբերի 1-ից սկսվում են դասերը, իսկ այնտեղ պետք է լինի գյուղմեքենաների սրահ-լաբորատորիա, մենք չենք կարողանում մեր տարածքը տնօրինել: Ամբողջ զավեշտն այդ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի ընդհանուր գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը՝ խոսելով վերջին շրջանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՕԵԿ-ի անդամների միջև տեղի ունեցոx ընդհարումների մասին:

Հիշեցնենք, որ Ագրարային համալսարանի տարածքը մոտավորապես 18. 700 քմ է: Կառավարությունը դիմել է բուհին, որպեսզի այն իր տարածքից  520 քմ հատկացնի ՕԵԿ-ին՝ իրենց գրասենյակը կառուցելու համար: Բանն այն է, որ անկախ նրանից՝ բուհը կհամաձայնի՞, թե՞ ոչ, պետությունը ցանկացած պարագայում կարող է ետ վերցնել այդ տարածքը: Այնպես որ՝ Ագրարային համալսարանից համաձայնություն ստանալը կառավարության համար ֆորմալ բնույթ է կրում:

Պ. Էֆենդյանը պատմեց, որ այն տարածքը, որտեղ այժմ գտնվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, դեռևս 1933 թվականին հատկացված է եղել Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտին՝ Աղասի Խանջյանի հրամանով:
Նա պատմեց նաև, որ իրենց և ՕԵԿ-ի միջև ոչ մի տարաձայնություն չի եղել մինչև այս տարվա մայիսի 23-ը.

«Երբ տեսանք, որ նրանք քանդում են տանիքը ընդդիմացանք՝ ասելով, որ սա մեր ավտոտեխսպասարկման տանիքն է, ու իրենք ասացին, որ ունեն ոչ միայն դրա սեփականության իրավունքը, այլև քանդելու թույլտվությունը: Քանի որ մենք ոչինչ այդ մասին չգիտեինք, այս տարվա հուլիս ամսին դիմեցինք Երևանի քաղաքապետին ու պատասխանը ստացանք: Պարզվեց, որ 2008 թվականի նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետը այդ հարակից տարածքը, որի կեսն ընդգրկում է տեխսպասարկման կետի տանիքն ու հարակից հողը, անհատույց հատկացրել է ՕԵԿ-ին՝ որպես հողատարածք ու տվել է նաև քանդման թույլտվություն, ինչպես նաև 2 տարի ժամկետով ճարտարապետանախագծային հատակագիծ, այսինքն՝ այս հատակագծի ժամկետը սպառվում էր 2010 թվականի նոյեմբեր ամսին: Իրենք հղում են կատարում, որ գրանցում ունեն, քանդման թույլտվություն ունեն, որտեղ ժամկետ նշված չէ»:

Պ. Էֆենդյանը նկատեց, որ 2008 թվականի սեպտեմբեր ամսին ՕԵԿ քարտուղարը դիմել էր իրենց՝ խնդրանքով՝ թույլատրել այդ տարածքում շենք կառուցել. «Ցանկացած որոշում կայացնում է ոչ թե ռեկտորը, այլ հոգեբարձուների խորհուրդը, այդ ժամանակ՝ կառավարման խորհուրդը: Սեպտեմբերին տեղի ունեցավ կառավարման խորհուրդ՝ համաձայնություն տվեցինք կառուցել: ՕԵԿ-ը ամեն տեղ ներկայացնում է միայն առաջին պարբերությունը, բայց դրանից հետո գալիս է այն, որ խորհուրդը համաձայնությունը տալիս է հետևյալ պայմաններով, որ նշված տարածքում ՕԵԿ-ը կարող է տրամադրել միայն ՕԵԿ-ի գրասենյակի շենքի առաջին հարկի մակարդակում գտնվող և համալսարանի հետ համատեղ օգտագործվող տրանսպորտի երկու անցումների միջև, ՕԵԿ-ի այդ տարածքի շենքի նախագիծը պետք է համաձայնեցվի Ագրարային համալսարանի հետ, որ ՕԵԿ-ը պետք է կառուցի համարժեք մեզ համար 36 մետր երկարությամբ շենք, որտեղ մենք պետք է մեր լաբորատորիան ունենան, և ամենակարևորը՝ համաձայնությունը կարող է կնքվել միայն կառավարության որոշման դեպքում: Այլ ձև մենք ուղղակի չունենք: Ցանկության դեպում էլ մենք ոչ մեկին չենք կարող ո՛չ գույք տալ, ո՛չ վերցնել, ո՛չ նվիրել, ո՛չ վաճառել, ու ո՛չ էլ վարձակալության տալ»:

Պրոռեկտորի խոսքով՝ ՕԵԿ-ին տրված 262 մետրի փոխարեն, իրենք այսօր օգտագործում են 452 մետր. «Այսինքն՝ ևս 190 մետր, որը մերն է, որն իրենք էլ գիտեն, չեն թաքցնում: Մարդիկ են կանգնած, ցանկապատած է: Մենք դիմել ենք ոստիկանապետին, հուսով ենք՝ կապահովի, որ մարդիկ կարողանան մուտք գործել այն տարածքը: Դա վիճարկելի չէ»:

Ըստ Պ. Էֆենդյանի՝ եթե նրանք ունեն շինթույլտվություն, ապա քաղաքապետարանը 2 անգամ արձանագրություն չէր կազմի և նրանց տուգանի. «Մի անգամ կարծեմ՝ 200 հազար, մյուս անգամ՝ 2.5 միլիոն դրամ»:

Պ. Էֆենդյանի խոսքով՝ փաստորեն, նույն տարածքի վրա 2 սեփականատեր կա. «Երկուսս էլ ունենք վկայական՝ մեկը կառավարության որոշումով, մյուսը՝ քաղաքապետի: Մենք դիմել ենք դատարան՝ վիճարկելու քաղաքապետի 2008 թվականի որոշումը (262 մետրը), իսկ նրա հարակից 190 մետրի մասին խոսք չկա, դա մեր տարածքն է, իրենք ուղղակի խոչընդոտում են մեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս