Բաժիններ՝

Ճշգրտվում են սերմացուի ներկրման ծավալները

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության և իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին: Համապատասխան որոշման նախագիծը քննարկելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարել հարցի այդօրինակ լուծումը և առաջարկել է ավելցուկ սերմացուն հատկացնել գյուղացիական տնտեսություններին: Խմբագրված որոշումն ընդունվել է առանց առարկության:

Նիստում հաստատվել է ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով 2014 թ. աշնանացանի համար մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը:
Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման ներքո գտնվող հողերի ջրամատակարարման նպատակով կառավարությունը 25 մլն խորանարդ մետրով ավելացրել է ջրառը Սևանա լճից՝ այն հասցնելով թույլատրելի 270 մլն խոր. մետրի: Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Նիստին մասնակցող բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկել է մասնագիտական խումբ ձևավորել և ուսումնասիրել հարցը, որովհետև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս խնդիրն ամեն տարի հրատապ է լինելու: Կառավարության ղեկավարը դեմ չի եղել անհրաժեշտության դեպքում խմբի ստեղծմանը և ընդգծել է սակավաջրության պայմաններում ջրի խնայողության կարևորությունը:
Կառավարությունը հաստատել է «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխման գործողությունների ծրագիրը», սահմանել «Երևանջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից սպասարկվող տարածքներում մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս