«Թուրքիայում ապրող հայերն էլ են Էրդողանին բավականին շատ ձայներ տվել»

«Թուրքիայի նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակն ի սկզբանե ընդհանրապես կասկած չէր հարուցում: Միակ հարցն այն էր, թե արդյոք Էրդողանը կհաղթի ընտրությունների առաջին փուլո՞ւմ, թե՞ երկրորդ: Ինչպես տեսնում ենք, կարողացավ անել և այդ հարցն օրակարգից հանել: Այժմ փաստն այն է, որ Թուրքիայում շարունակելու է իշխել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իսկ Էրդողանը պաշտոնապես դուրս է գալիս կուսակցությունից, քանի որ Թուրքիայի նախագահը, ինչպես գիտեք, չպետք է կուսակցական լինի: Ամեն դեպքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ ԱԶԿ-ն Թուրքիայում վայելում է ընտրողների լայն զանգվածների աջակցությունը, ինչը թույլ կտա այդ կուսակցությանը շարունակել քաղաքական գործունեությունն ինչպես տարածաշրջանային հարցերում, այնպես էլ ներքին և տնտեսական հարցերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն կթողնի Էրդողանի նախագահությունը Հայաստանի վրա՝ Գ. Պետրոսյանն ասաց, որ Թուրքիան շարունակելու է իր ժխտողական քաղաքականությունը. դա թուրքական պետական ավանդույթն է, դա տասնամյակներ շարունակ կարծրացած հիմքն է, որի փոփոխության համար լուրջ գլոբալ զարգացումներ են պետք: Պետք է հասկանալ՝ հենց Էրդողանն է շարունակելու Թուրքիային պատրաստել 2015թ.-ին, այսինքն հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին.

«Մեզ համար պարզ է այն, որ ԱԶԿ-ն է իշխանության գլուխ, և վերջին տարիներին հենց այդ խաղաքական ուժն է եղել իշխող դիրքերում, այսինքն՝ մենք որոշակի փորձ ունենք նրանց հետ հարաբերվելու, և արդեն նախկին փորձից ելնելով՝ պետք է պատրաստ լինենք, թե ինչ է մեզ սպասվելու, իսկ հաշվի առնելով այն, որ Էրդողանը նաև աննախադեպ քայլերի սիրահար է, ապա պետք է սպասել նաև նման զարգացումների հայոց ցեղասպանության հարցում:

Բայց ընդհնրապես հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի օրակարգում առաջիկա ամիսների ընթացքում առաջնային չի լինելու: Առաջնային կլինի, ըստ իս, Սահմանադրական փոփոխությունների հարցը, քանի որ Էրդողանը նախագահ դառնալով մեծ հաշվով փոքրացրեց իր լիազորությունները և գնաց պաշտոնի իջեցմանը: Սակայն նրա այս քայլը պայմանավորված էր այն բանով, որ Թուրքիայում Սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնի նաև Թուրքիայի պետական կառուցվածքի փոփոխության, այսինքն՝ խորհրդարանական կառավարման ձևից անցում նախագահական ձևի և արդեն իշխանության կենտրոնացում Էրդողանի ձեռքերում»:

Գ. Պետրասյանի կարծիքով՝ մինչ հայոց ցեղասպանության հարցը, պետք է հասկանալ, որ Թուրքիայում գոյություն ունի շատ ավելի կարևոր հարց՝ քրդական հարցը: Նրա խոսքով՝ Էրդողանն այս հարցում նույնպես նախաձեռնողականություն է ցուցաբերում և հենց քրդերի ձայների շնորհիվ էլ կարողանում է հաղթանակ տանել ընտրություններում:

Անդրադառնալով այն հարցին, թե Էրդողանն ինչո՞ւ կարողացավ հաղթել ընտրությունների հենց առաջին փուլում՝ Գ. Պետրոսյանն ասաց, որ նախ՝ նա բավականին կայուն ընտրազանգված ունի, նրան ընտրողները հակահայ տրամադրություն ունեցողներն են, նրա ձեռքում են պետական ինստիտուտները, ինչը հնարավորություն է տալիս ընտրություններին ավելի լավ նախապատրաստվել, և հետո՝ նրա մրցակիցներն այնքան էլ ուժեղ չէին և չէին կարող հաղթել, ինչը և տեսանք.

«Նախընտրական շրջանում ես անձամբ եղել եմ Թուրքիայում, հետևել եմ նախընտրական զարգացումներին, և պետք է ասեմ, որ Էրդողանը բացարձակապես հաղթում էր իր մրցակիցներին թեկուզ նախընտրական քարոզարշավի տեսանկյունից, օրինակ՝ Կարս քաղաքում անընդհատ հնչում էր նրան նվիրված երգը, ամենուր նրա ցուցապաստառներն էին, այնպես որ զարմանալի չէր, որ հենց Էրդողանն է հաղթելու ընտրություններում: Ասեմ, որ Թուրքիայում ապրող հայերն էլ են Էրդողանին բավականին շատ ձայներ տվել, քանի որ նրա օրոք հայերն ավելի լավ պայմաններում են ապրել»:

Գ. Պետրոսյանի խոսքով՝ Էրդողանն իր քաղաքականությունը կառուցում է տնտեսական հիմքի վրա, այսինքն՝ Թուրքիան փորձում է շուկա ստեղծել. «Ներկայումս Էրդողանը հասկանում է, որ Մերձավոր Արևելքը պոտենցիալ շուկա է, և հենց իր քաղաքականությունը վարում է այդ ուղղությամբ՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Այժմ, երբ Թուրքիան տնտեսական վերելքի ուղու վրա է, Եվրամիությունն էլ որոշակի ճգնաժամ է ապրում, թուրք հասարակության, իշխանությունների մեջ կասկածներ, հարցեր են առաջացել, թե ներկայիս Թուրքիային որքանով է պետք Եվրամիությունը, քանի որ այժմ Թուրքիայի իշխանությունները կարողանում են ապահովել տնտեսական աճ, կարողանում են գրավել նոր շուկաներ՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, որտեղ թուրքական ապրանքը շատ ավելի հեշտ սպառելի է»:

Ըստ Գ. Պետրոսյանի՝ հիմա առավել հետաքրքիր է տեսնել, թե ով է լինելու Թուրքիայի վարչապետը. «Աբդուլլահ Գյուլը պաշտոնապես հայտարարել է, որ վերադառնալու է ԱԶԿ, և կարծում եմ՝ նա է վարչապետի պաշտոնի թեկնածուներից հենց ֆավորիտը: Դավութօղլուին նույնպես նշում են՝ որպես հավանական թեկնածու: Ամեն դեպքում մի փոքր բարդ է կանխատեսում անել, պետք է սպասել օգոստոսի 27-ին, երբ նիստը կանցկացնի հենց ԱԶԿ-ն և կորոշի վարչապետին: Կարծում եմ՝ վարչապետը պետք է լինի նա, ով հնարավորինս ենթակա կլինի Էրդողանին. նա կփորձի վարչապետի ինստիտուտը իր ենթակայության տակ պահել, մինչ տեղի կունենան Սահմանադրական փոփոխությունները, և իր լիազորությունները կմեծանան»:

Հարցին, թե որքանո”վ է իրատեսական հայ-թուրքական սահմանի բացումը, Գ. Պետրոսյանը պատասխանեց, որ եթե անգամ Թուրքիան բացման էլ գնա, դա սիմվոլիկ բացում կլինի. հնարավոր է՝ մի որևէ անցակետ բացվի, երկաթգիծ, բայց դա դժվար թե բերի դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ու սահմանի ամբողջական բացմանը: Նրա կարծիքով՝ նման սիմվոլիկ քայլերը բացառել պետք չէ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս