Ստեփան Դանիելյան. Ալիևը կփորձի ինչ-որ մի իրավիճակում այդ զոհվածների փոխարեն պատասխան ինչ-որ հարված տալ

«Երևի մոտավորապես նույն ձևով կշարունակվի, ինչպես եղել է 1-2 ամիս առաջ, և, ըստ երևույթին, Ալիևը կփորձի ինչ-որ մի իրավիճակում այդ զոհվածների փոխարեն պատասխան ինչ-որ հարված տալ, բայց դա պատերազմական իրավիճակ չէ, դա ավելի մեծ չափի դիվերսիոն գործողություններ կատարել է»,- 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման հետևանքների մասին:

Ըստ քաղաքագետի՝ այնպիսի տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրանքը կատարել է. «Այսինքն՝ ինչ-որ մի առաջադրանք է տրված եղել, և քանի որ ինքն առաջադրանքը լավ էր կատարել, տրամադրությունը բարձր էր»:

Մեր հարցին, թե ո՞ւմ կողմից տրված առաջադրանքն է կատրարել Ս. Սարգսյանը,  քաղաքագետը պատասխանեց. «Բնականաբար, Ռուսաստանի նախագահի կողմից: Ինձ թվում է՝ Պուտինը կարող է Սերժ Սարգսյանին 5 նշանակել, որովհետև իրեն լավ է պահել, երևի հարցերը լավ է սովորել: Երևի այսքան տարիների նախագահական փորձը բերել է նրան, որ ինքն արդեն առաջադիմել է, և արդեն լավ գնահատականներ է ստանում»:

Հարցին, թե մեր ազգային շահերի տեսանկյունից ինչպե՞ս է գնահատում նա Ս. Սարգսյանի հարցադրումներն ու պատասխանները հանդիպման ժամանակ, Ս. Դանիելյանն այսպես պատասխանեց.

«Նախ, մենք պետք է այդ շահերը ձևակերպենք, որովհետև ցանկացած երկիր իր շահերը ձևակերպում է, այդ շահերը ունենում են տարբեր արտահայտություններ՝ քաղաքական դաշտը, հռետորաբանությունը, ռազմավարական ազգային ծրագրերն են դա արտահայտում: Հայաստանի ծրագիրը, շահերն ինձ համար այնքան էլ հասկանալի չեն, ու հանրության համար էլ հասկանալի չեն: Այդ առումով շատ դժվար է ասել, թե մեր ազգային շահերից ելնելով՝ ինչպե՞ս կարող ենք այս կամ այն դեպքը գնահատել»:

Մեր այն հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությունն այդ հանդիպումից հետո չի՞ թուլանա, քաղաքագետը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այդ լարվածությունը ոչ թե չի թուլանա, այլ թուլացել է արդեն, սակայն որոշակի մանր ընդհարումների պետք է սպասել ու սպասել բավականին երկար ժամանակ: Առհասարակ, մենք պետք է սովորենք, որ նման դեպքերը պարբերաբար կատարվելու են, սակայն պատերզմական իրավիճակ ինձ թվում է՝ արդեն չկա»:

Քաղաքագետն իր ֆեյբուքյան էջում գրառում էր արել, որ Սոչիի հանդիպման գլխավոր արդյունքն այն էր, որ, փաստորեն, անիմաստ է դառնում Նյու-Յորքի հանդիպումը, ինչից շատ էր վախենում Ալիևը, որովհետև այնտեղ իր առջև շատ կոնկրետ պահանջներ էին դրվելու, որից ինքն խուսափում էր: Մեզ հետ զրույցում Ս. Դանիելյանը մասնավորեցրեց՝ ասելով, թե քանի որ տարածաշրջանում խաղացողների միջև բալանսը խախտվել է, և մենք դա տեսնում ենք Ուկրաինայի և նրա շուրջ կատարվող դեպքերով, դա նշանակում է, որ արդեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների առաջ (առաջին հերթին Ադրբեջանի) տարբեր պահանջներ են առաջ քաշելու, որոնք կտրուկ գործողություններ են ենթադրում.

«Այս պայմաններում դա բավականին մեծ վտանգ է՝ անկախ նրանից, թե որ կողմից լինեն պահանջները՝ Արևմուտքի՞ց, թե՞ Ռուսաստանից: Ու այս առումով ես կարծում եմ՝ Նյու Յորքում սպասվող հանդիպումը նման պահանջներ Ալիևի առջև կդներ, և նա շատ վատ վիճակում կհայտնվեր: Սոչիի հանդիպումով նա ուզում էր ցույց տալ, որ Կովկասում դեռևս հարց լուծողը Ռուսաստանն է, և առանց իրեն նման ծրագրերը չեն կարող կատարվել: Թե հիմա Արևմուտքն ի՞նչ քայլեր կարող է անել, դա արդեն ժամանակը ցույց կտա»:

Այսինքն Սոչիի հանդիպումը ավելի շատ դրական նշանակություն ուներ Ի.Ալիևի՞ համար՝ մեր այս հարցին ի պատասխան, Ս. Դանիելյանն ասաց. «Բարոյական առումով Ալիևը, իհարկե, չօգտվեց, որովհետև դա նաև նվաստացում էր իր համար, դա հանդիպման ընթացքում կարելի է նկատել, սակայն իշանությունը կորցնելու առումով ինձ թվում է՝ ինչ-որ տեղ ինքը շահեց, որովհետև այն պահանջները, որ ենթադրում եմ՝ պետք է իր առջև դնեին, ապա այդտեղ կարող էին առաջանալ ներքին խնդիրներ, որոնք կարող էին խրախուսել Ռուսաստանը և Իրանը, ու այդտեղ իշխանության խնդիր կարող էր առաջանալ: Այսինքն՝ այդ առումով, գուցե, իրավիճակը իր համար հանգստացավ»:

Տեսանյութեր

Լրահոս