Արա Ղազարյանն առաջարկում է դիմել միջազգային ատյաններ. Գերեվարած Կարեն Պետրոսյանի գործը նման է Մանվել Սարիբեկյանի գործին

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանն առաջարկում է Ադրբեջանում գերեվարված և մահացած Մանվել Սարիբեկյանի և Կարեն Պետրոսյանի գործերով դիմել միջազգային ատյաններ: 168.am-ը հետաքրքրվեց նրանից, թե ինչքանո՞վ է իրատեսական, որ հաջողության կհասնենք այդ գործերով միջազգային ատյաններ դիմելիս:

Ըստ Ա. Ղազարյանի՝ դա իրատեսական է, որովհետև իրավական հիմքերը գնալով ավելի ամրապնդվում են. «Կոնկրետ անհատական գանգատի դեպքում դա շատ ռեալ է, որ կշահի գործը, որովհետև անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում, քաղաքացին գտնվել է նրա իրավազորության ներքո, այսինքն՝ ինքնըստինքյան պատասխանատվությունն ընկնում է պետության վրա: Դա պետք է ներկայացնենք կոնտեքստում, իսկ կոնտեքստը դրանք տասնյակ (եթե ոչ՝ հարյուրավոր) նման գործերն են, որտեղ քաղաքացին գերեվարվում է սահմանի վրա, ներկայացվում է՝ որպես դիվերսանտ, և, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի, սպանում են անձին, ինչպես Մանվել Սարիբեկյանին սպանեցին, որը հասարակ գյուղացի տղա էր, գնացել էր անասունները փնտրելու` գերեվարվել էր: Ասում էին՝ իբր անցել է սահմանը, որպեսզի դպրոց պայթեցնի դիվերսանտների խմբի հետ, ու բոլորը փախել են, միայն ինքն է մնացել: Սարքեցին շոու, և, որպեսզի նրան Հայաստանին ողջ չհանձնեն, սպանեցին և նշեցին, թե իբր ինքնասպանություն է գործել: Տեսնո՞ւմ եք՝ որքան նման է Կարենի գործը Մանվելի գործին»:

Հարցին, թե կա՞ միջազգային փորձ, որ նման գործերը շահել են դատը, Ա. Ղազարյանն այսպես պատասխանեց. «Եվրոպական դատարանում նման շատ-շատ գործեր կան, օրինակ՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև: Դա պետք է արդեն փորձել, որովհետև այնքան սիստեմատիկ կերպով են մարդու իրավունքների մասսայական խախտումները սահմանամերձ շրջաններում տեղի ունենում, որ արդեն ժամանակն է միջպետական գանգատ ներկայացնել՝ կոնվենցիայի հիմքով: Ես կարծում եմ՝ պետք է ՄԱԿ-ի դատարան նույնպես միջպետական գանգատ ներկայացվի, բայց, իհարկե, ավելի նպատակահարմար կլինի, նախ և առաջ, Եվրոպական դատարան ներկայացնել»:
Հիշեցնենք, որ վերջերս Ա.Ղազարյանն առաջարկել էր նաև Ադրբեջանին դատի տալ միջազգային ատյաններում՝ հրադադարի խախտման հարցով: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ կարելի է դիմել մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքային իրավազորությունը խախտելու, նրա ներքին գործերին միջամտելու և այդ պետության տարածքում կամ սահմանամերձ տարածքում զինված գործողություններ կատարելու համար. «Իրավական հիմքը կա, նման գործեր եղել են Արդարադատության միջազգային դատարանում, կարելի է դա բերել ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կոնվենցիաներ՝ արդեն մարդու իրավունքների խախտումների գրքով»:

Մեր հարցին՝ արդյո՞ք միջազգային դատարանն արդարացի որոշում կկայացնի, Արա Ղազարյանը պատասխանեց. «Ես որևէ խնդիր չեմ տեսնում, ես հավատում եմ, որ արդարացի որոշում կկայացնի, ոչ մի հիմք չունենք չհավատալու Եվրոպական դատարանին կամ միջազգային այլ ատյանների: Ի վերջո, մենք այդ կառույցների անդամ ենք և մենք կարող ենք դիմել, ու պետք չէ անպայման մտածել, որ այդտեղ դավադրության տեսություն է աշխատում, կամ այդ դատարաններն ի սկզբանե կողմնակալ կլինեն՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով»:

Կարդացեք նաև

Ա. Ղազարյանը նշեց, որ ՄԱԿ-ի դատարան դիմելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը. «Ընդհանրապես, այս դատարան դիմելու չափանիշները շատ են, ես միայն մեկն եմ նշել, որ պետք է երկու կողմերը համաձայն լինեն, որ այդ դիմումը գնա»:
Այսինքն՝ այս պարագայում Ադրբեջանը նո՞ւյնպես պետք է համաձայն լինի, որպեսզի դիմենք. «Այո, ՄԱԿ-ի դատարանի ընդունելության չափանիշերն այդպես են աշխատում, որն այդպես չէ Եվրոպական դատարանի դեպքում»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն, ըստ էության, ՄԱԿ չե՞նք կարող դիմել, քանի որ Ադրբեջանը դժվար թե համաձայնի դրան, նա պատասխանեց. «Չենք կարող ասել, նայած, թե իրավունքի մասի հարցը ո՞րն է լինելու, փաստերը որո՞նք են լինելու: Հարցին պետք է մոտենալ ավելի կոնկրետ պարագայում»:

Տեսանյութեր

Լրահոս