Ռուսները նոր պրովոկացիա՞ են նախապատրաստում

Մեծ հավանականությամբ, շուտով Հայաստանում ի հայտ կգան մարդիկ և քաղաքական շարժումներ, որոնք կհայտարարեն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Համենայնդեպս, այդ տեղեկությունը բավական ինտենսիվորեն քննարկվում է վերջին շաբաթներին՝ ամենատարբեր շրջանակներում: Նման «առաքելություն» ստանձնել պատրաստվող անհատներն ու ուժերը, բնականաբար, պրոռուսական միավորներն են. նրանց հիմնական կարգախոսը լինելու է այն, որ պետք է վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են Հայաստանի եվրասիական ինտեգրացիային:  Սրանք հիմնականում այն նույն ուժերն են, որոնք մեկ տարի առաջ, երբ դեռ Հայաստանը շարժվում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ճանապարհով, հայտարարում էին, թե պետք է ամեն գնով կասեցնել ԵՄ ասոցիացումը, և, որ Հայաստանի տեղը Եվրասիական տնտեսական միությունն է:

Առաջին հայացքից՝ այս տեղեկությունները կարող են անհեթեթ թվալ, որովհետև դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կարող է հայ մարդը հայտարարել, որ հանուն Ռուսաստանի հետ ինտեգրացիայի՝ պետք է հրաժարվել Ղարաբաղից: Բայց պետք է հիշել, որ ընդամենը 100 տարի առաջ էլ Հայաստանում կային ուժեր, որոնք հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի պատրաստ էին հայ ժողովրդին դնել այդ հեղափոխության հաղթանակի զոհասեղանին: Իսկ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Իհարկե, այս անգամ իրավիճակը փոքր-ինչ տարբերվում է նախորդ դարասկզբի իրավիճակից, բայց հիմա էլ եվրասիական ինտեգրացիայի ջատագովներն ունեն իրենց հիմնավորումները: Ղարաբաղից և ազատագրված տարածքներից հրաժարվելու նրանց հիմնական փաստարկը լինելու է այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրան սատարող ռուսական ռազմական վերնախավը խնդիր են դրել վերականգնել Խորհրդային Միությունը՝ իր այն սահմաններով, որոնք եղել են մինչև ԽՍՀՄ լուծարումը: Իսկ քանի որ ԽՍՀՄ-ի օրոք Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում, ապա նոր միության մեջ ևս այն պետք է ունենա նույն ենթակայությունը: «ԽՍՀՄ-ի սահմաններն անփոփոխելի են, և եթե մենք ուզում ենք, որ այն վերականգնվի, ապա պետք է մի կողմ դնենք մեր նեղ ազգային պահանջներն ու ամբիցիաները». մոտավորապես այսպիսին է լինելու նրանց կարգախոսը: ԽՍՀՄ-ի վերականգնման  հայ ջատագովները համարում են, որ, ինչպես ԽՍՀՄ-ի օրոք որևէ տարբերություն չկար, թե մարդ որ հանրապետությունում է ապրում, այնպես էլ հիմա լինելու է մեկ ընդհանուր պետություն, որի անունը լինելու է Եվրասիական տնտեսական միություն կամ հենց Եվրասիա, և Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան կամ Բելառուս հասկացությունները լինելու են շատ վերացական: Ինչպես 20-րդ դարասկզբին, այնպես էլ հիմա հայ ինտերնացիոնալիստները հայտարարելու են, որ ազգայնականությունը հրահրվում է օտարերկրյա գործակալների, ԱՄՆ-ի ու Եվրոպայի իմպերիալիստների կողմից, որպեսզի թշնամանք և ատելություն հրահրեն եղբայրական հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև: Նրանք կոչ են անելու հայ ժողովրդին՝ վեր կանգնել նեղ ազգային մտածելակերպից և հասկանալ, որ ամենամեծ արժեքը խաղաղությունն է:

Խաղաղությունը. սա էլ լինելու է հայ ինտերնացիոնալիստների մյուս կարգախոսը: Ինչպես 1917թ. բոլշևիկները խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին Գերմանական կայսրության հետ՝ Գերմանիային հանձնելով Ռուսական կայսրության եվրոպական հատվածը՝ ավելի քան 56 միլիոն բնակչությամբ, հիմա էլ հայ ինտերնացիոնալիստներն են հայտարարելու, որ հանուն խաղաղության՝ պետք է ամեն գնով խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, և հանուն հայ երիտասարդների կյանքի, հանուն մարդու կյանքի պաշտպանության՝ պետք է համաձայնել, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, իհարկե՝ ինքնավարության բավական բարձր կարգավիճակով:

Կարդացեք նաև

Հայ ինտերնացիոնալիստները կատաղի քննադատության են ենթարկելու ՀՀ բոլոր երեք նախագահներին և նրանց կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը հայտարարելու են կործանարար: Հենց նրանց է մեղադրանք ներկայացվելու Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար, քանի որ նրանք ինչ-որ իմաստով համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներին: Իսկ Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է երկրների տարածքային ամբողջականության իրավունքի ճանաչմանը: Եթե Հայաստանի իշխանությունն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչպե՞ս կարող է Ղարաբաղն անկախ լինել կամ միանալ Հայաստանին:

Ինչպես նշեցինք, առաջին հայացքից՝ իսկապես անիրական է թվում, թե ինչպե՞ս կարող է հայ մարդը հիմնավորել Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին: Բայց մյուս կողմից՝ անվիճելի է, որ եթե այդ գաղափարի հիմնավորումն անհրաժեշտ լինի Ռուսաստանին, ապա Հայաստանում այդպիսի մարդկանց պակաս չի զգացվի: Իսկ դատելով նրանից, որ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու գաղափարի կողմնակիցներ են ի հայտ եկել, կարելի է չկասկածել, որ Ռուսաստանը հերթական անգամ պայմանավորվել է Ադրբեջանի հետ՝ ի հաշիվ Հայաստանի: Առաջիկայում մենք կներկայացնենք այդ մարդկանց, և նրանք իրենք կխոսեն անիրական թվացող այս գաղափարի մասին:

Տեսանյութեր

Լրահոս