Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայունացել է: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը՝ հավելելով, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ դրական կանխատեսումն այժմ մեկ քայլ ավելի մոտ է գտնվում:
«Վարչապետը դուրս է եկել վիճակից, որն ուղղակիորեն սպառնում էր իր կյանքին, սակայն վիճակը դեռևս ծանր է, և նա ինտենսիվ բժշկական օգնության կարիք ունի»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ մոտ ապագայում Ֆիցոյի տեղափոխում այլ հիվանդանոցներ չի նախատեսվում։
Ավելի վաղ Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո դեռևս մնում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նրա վիճակը ծանր է:
Ըստ Սլովակիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության էլ՝ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում։