Ոսկու տենդը հասնում է անհեթեթության աստիճանի. քանդում են գերեզմանները, եկեղեցիների պատերը. Հնագետ

Հուշարձանները մեր անցյալի, ինքնության, մշակույթի արտահայտությունն են: Ինչպե՞ս ենք վերաբերվում հուշարձաններին, դրանց պահպանությանը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք հնագետ Արման Նալբանդյանի հետ:

Հնագետները հաճախ ասում են, որ ինչպես վերաբերվում ենք հուշարձաններին, այդպիսի վերաբերմունք ունենք Հայրենիքի հանդեպ: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

– Այո: Ինչպես նշեցիք՝ հուշարձանները մեր ինքնության արտահայտություններն են, ամբողջ աշխարհում մեր հուշարձաններով ենք հանդես գալիս: Ամեն քայլի ունենք պատմաճարտարապետական և հնագիտական հուշարձան, ու մեծ մասը լուրջ խնդիր ունի: Պակասում է նվիրվածությունը, հոգատարությունը հուշարձանների հանդեպ: Հասարակությունը ևս ունի լուրջ պատասխանատվություն ցանկացած հուշարձանի հանդեպ, ուստի կարևոր է յուրաքանչյուրի առանձնահատուկ վերաբերմունքը: Հուշարձաններն այս հողի, մշակույթի պատկանելության մեր անձնագրերն են, և պահպանությունը մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի:

Կարդացեք նաև

Հասարակության կողմից անուշադրությունն ինչո՞վ եք պայմանավորում. գուցե մասնագետները չե՞ն բացատրում դրանց կարևորությունը:

– Կա այդ խնդիրը: Առաջինը կրթության պակասն է: Մարդիկ չեն հասկանում՝ ինչպիսի մոտեցում կարող են ցույց տալ հուշարձանին: Տարբեր բնակավայրերում դասախոսություններ, սեմինարներ են կազմակերպվում, զրուցում ենք նաև այցելուների հետ: Դրանք արդյունավետ են լինում, որովհետև շատերը մոտենում ու ասում են, որ չգիտեին՝ խաչքարին չի կարելի բան կպցնել:

Շատ են գանձագողության դեպքերը. այստեղ կրկին չիմանա՞լն է դեր խաղում, թե՞ հուշարձանը չգնահատելը:

– Երկուսն էլ: Ոսկու տենդը, հարստանալու մոլուցքը հասնում է անհեթեթության աստիճանի: Մարդկանց թվում է՝ հուշարձանի ամեն անկյունում՝ պատի մեջ, քարի տակ, ոսկի պետք է լինի: Այդ մոլուցքը շատ ուժեղ հարված է հասցնում հուշարձաններին: Ամեն տեղ այդ խնդրին բախվում ենք: Բնակավայրերում, երբ տեսնում են, որ հնագետ է եկել, միանգամից սկսում են ոսկու մասին խոսակցությունները: Հնագետի համար կարևոր է այն ամենը, ինչ կա երկրի ընդերքում, կարևոր չէ՝ ոսկի՞ է, թո՞ւղթ, թե՞ կավ: Բայց այդ խնդիրը լուրջ է, անգամ տգիտության մակարդակի է հասնում: Տեղեր կա՝ մտածում են, որ խաչքարի մեջ ոսկի պետք է լինի, դա կտրում են, քանդում են գերեզմանները, եկեղեցիների պատերը՝ խորանը, մկրտարանը: Չգործող եկեղեցիների այդ հատվածները քանդված են, որովհետև ինչ-որ մեկի մտքով անցել է, որ այդտեղ ոսկի կա: Ոսկու լեգենդը շատ սարսափելի երևույթ է։ Դրա պատճառներից մեկն այն է, որ շատ եկեղեցիների պատերի մեջ դրված են եղել դատարկ կարասներ, որոնք ապահովել են պատերի թեթևությունը, ակուստիկան։ Հիմա, քանի որ շատ պատեր քանդված են, և այդ կարասները դուրս են եկել, դա մարդկանց առիթ է տալիս մտածելու, որ պատերի մեջ ոսկի է եղել։ Խզբզողները ևս մեծ վնաս են հասցնում հուշարձաններին, քանի որ ամեն մի քար ունի պաշտպանիչ շերտ, ու այդ խզբզոցների, ներկերի հետևանքով շերտը խաթարվում է, և քարը սկսում է ավելի արագ քայքայվել։

Մի առիթով ասել եք, որ 1000 տարի հետո եթե պեղումներ կատարեն Երևանում, զարմանալու են մեր անճաշակության վրա։ Ո՞ր դարաշրջանն է Ձեզ ցնցել ու շնորհակալ եք այն ժամանակվա ապրողներին։

– Հնագետը պետք է օբյեկտիվ մոտենա և գնահատի բոլոր ժամանակաշրջանների, ազգությունների մշակույթը։ Սակայն, իհարկե, ամեն հնագետ ընտրում է իր ուղին, դարաշրջանը։ Ինձ համար ամենասիրելի ժամանակաշրջանը միջնադարն է։ Երկար տարիներ զբաղվում եմ միջնադարյան հուշարձանների ուսումնասիրմամբ, պեղումներով։ Ինձ համար ամենաոգևորիչն ու սիրելին հենց միջնադարյան հուշարձաններում կատարված բացահայտումներն են, գտածոները, խեցեղենը, ճրագամանները։

Հնագետն այն անձն է, ում ձեռքում հայտնվում են դարերի խորքից եկած իրեր. կա՞ն իրեր, որոնք գտնելով՝ Ձեզ «7-րդ երկնքում» եք զգացել։

– Բարդ հարց է։ Պեղումների ժամանակ ցանկացած գտածո հնագետի համար դառնում է հարազատ։ Դրանով հիանում է, հպարտանում, պահում ուշադրության կենտրոնում։ Լինում են նաև բացառիկ գտածոներ: Կապանի մերձակայքում նախորդ տարի գտել եմ մարդու քարե դիմաքանդակ, որտեղ հստակ երևում են աչքերը, քիթը, մազերը: Բավականին ուշագրավ է, 10-11-րդ դարերի գործ է: Խորաքանդակ է, և առաջին հայացքից թվում է, որ անտիկ ժամանակաշրջանի հունահռոմեական տարրեր կրող գործ է, բայց իրականում միջնադարյան մշակույթի բացառիկ նմուշ է, որը վերահաստատում է, թե զարգացած միջնադարում ինչ բարձր մշակութային մակարդակում ենք մենք եղել:

Հնագետի ճանապարհն ընտրել եք, քանի որ սիրել եք կենդանիներին, հատկապես՝ դինոզավրերին: Միշտ մտածում եք ինչ-որ հե՞տք գտնել:

– Մանկուց հետաքրքրվել եմ դինոզավրերով, ուսումնասիրել եմ ու ուզել եմ Հայաստանում գտնել դինոզավրի ոսկոր: Դինոզավրերից շատ ավելի հին բրածո կենդանիների նմուշներ հայտնաբերում ենք ու դրանցից մեկը՝ Մեղրիի Անապաստանաց վանքի մոտ: Գտանք մի քարացած ծովային, կորալի մնացորդ, որն ունի մոտ 400 միլիոն տարվա հնություն: Ծովային կենդանիների, բույսերի քարացած մնացորդներ շատ կան Հայաստանում:

-Գործընկերները Ձեզ համարում են ձիթաճրագների հնագետ, ինչո՞ւ:

– Քանի որ հիմնականում միջնադարյան հուշարձաններ եմ պեղում, գրեթե միշտ դրանք ի հայտ են գալիս ու երջանիկ պատահականությամբ՝ այն հատվածում, որտեղ ես եմ: Ճրագները լուսավորության միջոց են, տարածված են եղել բոլոր ժամանակաշրջաններում: Լինում են տարբեր տիպի՝ տերևաձև, նավակաձև, քառածորակ: Կապված են նաև քրիստոնեական ծիսական արարողությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս