Բանակի նոր դերը. հանուն հայրենիքի, ընդդեմ պետականությունը ոչնչացնող օլիգարխիայի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարի Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետական կառավարման համակարգը ցանկանում է համախմբել բանակի շուրջ: Դեռ այն ժամանակ այդ նախաձեռնությունը շատերը երկիմաստ գնահատեցին, առնվազն վերին շերտում, քանի որ խորքային իմաստով կան այլ բազմաթիվ իմաստներ, որոնց հանգամանալից դիտարկման համար, իհարկե, ժամանակ է պետք:

Վերին շերտում առկա իմաստները, ըստ փորձագիտական տարբեր կարծիքների, հետևյալն էին. Սերժ Սարգսյանը Հայաստանում փորձում է հաստատել, այսպես ասած, ռազմական կառավարում և, միևնույն ժամանակ, միգուցե դրանով փորձում է հակադրվել օլիգարխիկ կառավարման մոդելին, որի դեմ բանակից բացի՝ այլ բան կարծես թե չգտավ, ուժ չունեցավ գտնելու:

Բանակի պարագան մի փոքր այլ է, բանակի միջոցով օլիգարխիային հետին պլան մղելը Սերժ Սարգսյանի համար նվազ ռիսկային է կամ, ավելի շուտ, գրեթե զուրկ է ռիսկից:

Տարբերակ էր, իհարկե, հանրությանը դիմելը, նրա օժանդակությամբ պայքարելը առկա համակարգի դեմ, մականունավոր և քրեական օլիգարխիայի դեմ, սակայն Սերժ Սարգսյանը դրան չգնաց, քանի որ այդ դեպքում հարկ կլիներ, իհարկե, շատ առումներով դեմ գնալ հենց իր իսկ մերձավոր շրջապատին, ինչը Սերժ Սարգսյանի համար կլիներ ինքնասպանության պես մի բան: Իսկ բանակի դեպքում իրավիճակը այլ է: Բանակն ինքը Հայաստանում հսկայական կապիտալի կրող է:

Այստեղ են օլիգարխներից ոչ պակաս կամ ընդամենը 5 րոպե պակաս գեներալները: Բանակն ուժի և կապիտալի համադրում է, որը Սերժ Սարգսյանի համար կապահովի անցում ճյուղից ճյուղ՝ նրա համակարգային լեգիտիմությունը չնվազեցնելով վտանգավոր մակարդակի, երբ այն կարող է արդեն հասցնել հրաժարականի կամ պաշտոնանկության՝ ներիշխանական հեղաշրջման արդյունքում:

Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն իր քաղաքական կարիերայի ընթացքում բավական երկար տարիներ եղել է բանակում և այնտեղ զգալիորեն ընկալվում է որպես յուրային: Ավելին՝ բանակի գեներալակազմը երևի թե ամենևին դեմ չի լինի ընդլայնել իր դերը պետական կառավարման համակարգում, ինչը կարող է նաև բացել նոր բիզնես-հեռանկարներ, որոնք շատ կարևոր և նպատակային են հայաստանյան գեներալակազմի մեծամասնության համար:

Այսօր, առավել քան երբևէ, իրական է, բանակի՝ իմա Սեյրան Օհանյանի և Սերժ Սարգսյանի դաշինքը կարող է բարձրանալ մի նոր մակարդակի և ընդլայնել իր ազդեցության տիրույթները: Գլխավոր հարցն, իհարկե, այն է, թե որն է այստեղ պետության շահը: Այդ շահը չկա: Թվում է, որ շահ է քրեաօլիգարխիկ համակարգի չեզոքացման հեռանկարը, բայց այստեղ պատկերը շատ աղոտ է:

Նախ՝ այդ չեզոքացումն, իհարկե, չի կարող ինքնանպատակ լինել և շատ կարևոր է, թե ինչպես է դա տեղի ունենում, ինչ գործիքներով և ինչով է փոխարինվում: Եթե դա փոխարինվում է բանակով, ապա դատելով այդ բանակի ներկայիս որակից՝ միարժեք կարելի է ասել, որ փոփոխությունը պետության և հասարակության համար էական քիչ բան է փոխում: Բանն այն է, որ բանակը ներկայումս հանդիսանում է օլիգարխիկ համակարգի կցորդը: Երբ համակարգն ու կցորդը առանձնացվում են, տեղերով փոխվում, դրանից որևէ էական բան չի փոխվում, քանի որ ստացվում է առավելապես գումարելիների և գումարի պատմությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս