Ազգի անվանումը հայհոյանք չպիտի լինի. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Թուրքիայի վարչապետ եւ, հավանաբար, ապագա նախագահ Էրդողանը հայտարարել է, որ վիրավորվել է իր ընդդիմախոսներից, որոնք իրեն «հայ» էին անվանել:
Հայհոյել են՝ իր կարծիքով: Հայաստանում արձագանքը սուր է՝ ռասիստ, քսենոֆոբ, քանի՞ կոպեկ արժեր նրա ցավակցությունը Ցեղասպանության զոհերի հետնորդներին: Նույնքան բացասական է նաեւ թուրքական մամուլի մի մասի արձագանքը:
Այո, ցավալի է, որ պետության ղեկավարը հերիք չէ՝ այդպիսի հայացքներ ունի, դեռ չի էլ փորձում դրանք թաքցնել: Ընդհանրապես, բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ Թուրքիայի վարչապետը էմոցիոնալ, հախուռն բնավորություն ունի, բայց, որքան հասկանում եմ, դա իր քաղաքացիների մեծամասնությանը դուր է գալիս:
«Դուխով տղու» տպավորություն է թողնում: Բայց եկեք անկեղծ լինենք եւ պատասխանենք՝ արդյոք հայաստանցի որեւէ քաղաքական գործիչ չի՞ վիրավորվի, եթե նրան «թուրք» անվանեն, արդյոք նա չի՞ թարգմանի դա որպես «դաժան», «արյունարբու», «նենգ», «դավաճան»:
Արդյոք «թուրք» բառը հենց այդ իմաստո՞վ չի ներթափանցել մեր կենցաղից հասարակական-քաղաքական դաշտ: Հիշեք թեկուզ երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցի գնացքի մասին մուլտֆիլմը (2000 թիվ), որտեղ վագոնավարին՝ առաջին նախագահին թուրքական ֆես էին հագցնում: Կարո՞ղ է որեւէ մեկը վիճել, որ այդ մուլտֆիլմը, մեղմ ասած, արտահայտում էր այն ժամանակվա իշխանության տեսակետը: 1988 թվականից սկսած՝ քանի՞ անգամ են ընդդիմադիր ցուցարարները «թուրք» բառն արտասանել կոմունիստների, նույն առաջին նախագահի, ինչպես նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների հասցեին: Չեմ կարծում, որ դա ասվում էր փաղաքշական իմաստով: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ այս 26 տարում ընդդիմության որեւէ առաջնորդ ասեր՝ «այդպես չի կարելի, դա ռասիզմ է»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։