ԼՂՀ-ում գրանցված կազմակերպությունների հետ համագործակցությունը չի՞ խրախուսվում
Հայաստանին «հարկային ճգնաժամ» է սպառնում: 2014թ. առաջին կիսամյակում խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերը մոտ 21 միլիարդ դրամով քիչ են եղել նախատեսվածից: Դեռ 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասել էր, որ անցած տարի հարկային մուտքերի զգալի ավելացումը դժվարացնելու է այս տարի հարկերի հավաքագրումը: Այսինքն՝ բոլոր թույլատրելի պտուտակները ձգված են, և հարկերի հավաքագրումների ավելացման համար հարկավոր են նոր աղբյուրներ: Իսկ օլիգարխիկ էլիտան դեռևս անձեռնմխելի է: Այս պայմաններում հարկահավաքներն էլ ավելի են խստացրել ստուգումներն ու ամեն հնարավոր միջոց կիրառում են՝ բյուջեի մուտքերն ապահովելու համար: Սակայն երբեմն, թերևս, իրականության զգացումը կորչում է:
168.am-ի տեղեկություններով՝ հարկային մարմինները, հարկերի հավաքագրման նորանոր աղբյուրներ փնտրելով, սկսել են հատուկ ուշադրություն դարձնել ՀՀ և ԼՂՀ ռեզիդենտների համագործակցությանը, ակտիվացրել են ստուգումները, և ոչ ռեզիդենտի շահութահարկի ու ԱԱՀ գծով պարտավորություններ են գրանցվում: Մինչդեռ նախկինում նման պրակտիկա չի կիրառվել: Փաստորեն՝ ԼՂՀ-ում գրանցված կազմակերպությունների հետ համագործակցությունը չի խրախուսվում:
Մեր տեղեկությունը ճշտելու համար հուլիսի 29-ին հարցում ուղարկեցինք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս կմեկնաբանեն մեր տեղեկությունները, արդյո՞ք ՀՀ-ԼՂՀ ընկերությունների միջև գործարքների ստուգումները խստացվել են և ոչ ռեզիդենտի շահութահարկի ու ԱԱՀ գծով պարտավորություններ են հաշվարկվում, նախկինում եղե՞լ է նման պրակտիկա: Նախարարությունից պատասխան դեռևս չենք ստացել:
Իսկ մինչ այդ, դեռևս անցած տարվանից իրադրության փոփոխության մասին է վկայում ՊԵԿ կայքում հրապարակված ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 2013թ. մարտին կայացրած 14/3 որոշումը: Հանձնաժողովին էր դիմել «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը՝ բողոքարկելով ՊԵԿ Մաշտոցի ՀՏ ստուգման ակտը (թիվ 1008153): Դրանով լրացուցիչ գանձման է առաջադրվել ավելի քան 12.7 մլն դրամ:
Խնդիրն այն է, որ հիմնադրամը ԼՂՀ-ում գրանցված «Երեքնուկ» ՍՊԸ-ից տարբեր ժամանակներում ապրանքների ձեռքբերումներ է կատարել ՀՀ տարածքում և որպես հարկային գործակալ չի իրականացրել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարվող եկամտի ընդհանուր գումարից աղբյուրի մոտ շահութահարկի գանձումը՝ 10% դրույքաչափով, և բյուջե չի փոխանցել 14 մլն դրամ շահութահարկ: Ի վերջո, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովն ակտն անփոփոխ է թողել:
Պարզ ասած՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը տույժի է ենթարկվել ղարաբաղյան ընկերության հետ գործարքների համար, քանի որ իր գործընկերոջը չի դիտարկել որպես ոչ ռեզիդենտ և շահութահարկ ու ԱԱՀ չի պահել:
Արցախի ռեզիդենտ կազմակերպությունների հետ հարաբերվելիս ոչ ռեզիդենտի շահութահարկ չպահելու հարցը պատկան մարմիններում, այդ թվում՝ ՀՀ վարչապետին կից գործող ՓՄՁ խորհրդում, շատ է քննարկվել: Եվ մեր տեղեկություններով՝ ընդհանուր համաձայնությամբ որոշվել էր Արցախում գրանցված կազմակերպություններին Հայաստանում չդիտարկել որպես ոչ ռեզիդենտ: Եվ հարկային մարմինն էլ նախկինում առաջնորդվում էր այդ որոշմամբ: Թե ինչո՞ւ է իրադրությունը փոխվել, կարող են պարզաբանել միայն Ֆինանսների նախարարությունից, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: