Դավիթ Շահնազարյան . շփման գծում իրավիճակը սրվել է Ռուսաստանի դրդմամբ. 1in.am
«Առաջին լրատվական»-ի հարցազրույցը` 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանի հետ:
– Պարոն Շահնազարյան, ի՞նչ է տեղի ունենում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Վերջին օրերին շարունակ շփման գծում բախումների մասին տեղեկատվություն ենք ստանում, ճիշտ է` երբեմն իրարամերժ, սակայն միանշամակ է, որ վիճակը լարված է: Դրա մասին պաշտոնապես հայտարարում են և ՀՀ, և ԼՂ պաշտպանական գերատեսչությունները: Ձեր գնահատմամբ` ի՞նչ իրավիճակ է և որո՞նք են պատճառները:
– Այն, որ լարվածությունը հասել է գագաթնակետին, մի քայլ ավելի լայնածավալ գործողություններ են` ակնհայտ է, և որևէ մեկը չի ժխտում: Անսպասելի բան չի կատարվել: Ադրբեջանը չի թաքցնում, որ դա իր քաղաքականությունն է, և հիմա փորձում է այդ քաղաքականությունն արդեն դիվերսիոն հարձակումներով իրականացնել` նպատակ ունենալով վախի և խուճապի մթնոլորտ առաջացնել թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում: Կարող եմ ասել, որ այն ամբողջապես տապալվել է:
Ադրբեջանը նաև այլ նպատակներ ունի: Նպատակներից մեկն ուղղված է հենց Մինսկի խմբին և Մինսկի խմբի ձևաչափին, որը արդեն տարիներ շարունակ Ադրբեջանը ցանկանում է չեզոքացնել և զրոյացնել, չունենալ միջազգային որևէ կարգավորման նման հարթակ, հեղինակավոր հարթակ և ամբողջովին վարկաբեկել այդ ձևաչափը: Երկրորդ՝ այստեղ նրա դաշնակիցն է Ռուսաստանը, ինչի մասին ես զգուշացրել եմ: Վերջինս նույնպես նույն նպատակն է հետապնդում՝ չեզոքացնել, ինչու չէ` նաև զրոյացնել Մինսկի խմբի դերը և փորձել առանձին հանդես գալ որպես միջնորդ: Կա շահերի բացարձակ համընկնում: Բացի այդ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի այս քաղաքականության և ինչու չէ` այս գործողությունների քաջալերման վերաբերյալ նույնպես որևէ կասկած չկա, ինչի մասին է վկայում սպառազինությունների մատակարարումը, ՌԴ պաշտոնատար տարբեր անձանց կողմից անընդհատ Ադրբեջանին տարածաշրջանում համար մեկ ռազմավարական գործընկեր անվանելը: Վերջին քայլը՝ Լևոն Հայրապետյանի կալանավորումը, ընդգծված հակաարցախյան և հակահայկական քայլ է: Այն հստակ ցույց է տալիս այդ համագործակցությունը: Ըստ էության, ձևավորվել է շատ հետաքրքիր մի առանցք՝ Մոսկվա-Բաքու-Անկարա, և այս պահին այդ առանցքը խնդիրները լուծում է ապակայունացման և արյունահեղության միջոցով, ինչու չէ` միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու միջոցով առաջին հերթին չեզոքացնել Մինսկի խումբը, վախեցնել Հայաստանին և Ղարաբաղին, և ըստ էության` այս ամենը գուցե նաև ինչ-որ չափով տեղավորվում է Ռուսաստանի նեոկայսերապետական ծրագրերի մեջ:
– Պարոն Շահնազարյան, հստակ է, որ մենք հիմա ունենք օգոստոսի 8-ին Սոչիում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումը, և ըստ երևույթին Ռուսաստանի նախագահը պետք է այդ հանդիպումը կազմակերպի և նրա միջնորդությամբ է լինելու: Այս հանդիպումը հրապարակից հանում է դեռևս Օլանդի այցի շրջանակներում հայտարարված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ֆրանսիայում, ապա ինչու չէ` նաև հնարավորություն կար, որ կարող է նաև ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում լիներ այդ հանդիպումը: Ուորլիքից սկսված գործընթացը կարծես թե վիժեցվում է այս հանդիպմամբ:
– Նախ նշեմ, որ Ադրբեջանի այդ ծրագրերի մի մասը, համենայնդեպս` ահաբեկել Հայաստանին և Արցախին, դրանք ամբողջովին տապալվեցին, և այժմ Ադրբեջանը ունի շատ լուրջ ներքին խնդիրներ, որովհետև Ադրբեջանում արդեն շատերը նույնիսկ բացահայտ գրում են, որ սա ակնհայտ ադրբեջանական կողմի նախաձեռնություններն են, հարձակումներն են, և դա արդեն ակնհայտ է դառնում: Նույնիսկ Ադրբեջանի վերլուծաբաններն են նշում` «այդպես չի լինում, որ հարձակվող կողմն է ավելի շատ զոհեր տալիս, որովհետև ակնհայտ է, որ դա մեր նախաձեռնությունն է»: Բացի այդ, Արցախի իշխանությունները ներկայացնում են անհերքելի ապացույցներ` այն հատուկ միջոցները, հատուկ զենքերը, որոնք ունեցել են դիվերսանտները, այսինքն` մեր ձեռքում են հայտնվել, այսինքն` մեր դիրքերում է դա տեղի ունեցել, և հիմա ներքին խնդիրներ ունի Ադրբեջանը: Անկեղծ ասած` ես սպասում եմ, որ նրանք պատրաստվում են պատասխան հարվածների, բայց ես վստահ եմ, որ մեր զինված ուժերը, հատուկ ծառայությունները, չնայած զոհերին, իրենց գործը հաջողությամբ կատարել են` ի տարբերություն արտաքին քաղաքական ոլորտի: Կարծում եմ` այս վերջին գործողություններից մեկի մասին նախօրոք մերոնք ունեցել են տեղեկություն, և ադրբեջանցիներն ուղղակի ծուղակն են ընկել: Փառք ու պատիվ մերոնց:
Ինչ վերաբերում է ձեր հարցին` այո՛, առաջին` Ռուսաստանը սրանով ուզում է ցույց տալ, որ տեսեք, դուք ուզում էիք կազմակերպել Ալիև-Սարգսյան հանդիպում, չստացվեց, մենք շատ արագ կազմակերպում ենք: Երկրորդ՝ ի՞նչ կհաջողվի Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը երբեք խնդիր չի ունեցել հարցը կարգավորելու, կհաջողվի՞ արդյոք նրան թուլացնել այս լարվածությունը: Եկեք պարզ հասկանանք, որ այսօր հրադադար չկա: Հիմա հրադադարի փոխարեն մենք ունենք դիրքային պատերազմ: Կհաջողվի՞ վերահաստատել զինադադարը, դրա համար Ռուսաստանը մեկ բան պետք է անի ընդամենը,- անձամբ ինձ համար ցանկացած քայլ կլինի ոչ բավարար և բացառապես Մինսկի խմբի և միջազգային հանրության դեմ ուղղված,- առաջիկա հանդիպմանը, եթե այն կայանա, հաջողվի հասնել նրան, որպեսզի կողմերը վերահաստատեն 1995 թվականի փետրվարին երեք կողմերի` ներառյալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների պայմանագիրը, որը կոչվում էր «Զինադադարը ամրապնդելուն ուղղված միջոցների մասին»: Եթե դա եղավ, ինչ-որ կերպ կարելի է դա արդարացված համարել, իսկ եթե չեղավ, նշանակում է, որ սա ուներ քարոզչական նշանակություն Ռուսաստանի համար:
– Կարո՞ղ էր իրավիճակը սրվել Ռուսաստանի դրդմամբ կամ նրա կողմից:
– Որևէ կասկած չկա, որ դա դրդվել է, ավելին` քաջալերվել է Ռուսաստանի կողմից: Օրերս «Ռոսիա 24» ալիքով դիտում էի ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության վարչության պետի տեղակալի (մակարդակը զգացեք) հայտարարությունը: Հաղորդավարը կարդում էր այդ տեքստը, իսկ հետևում կադրերի վրա գնում էին ադրբեջանական զոհված զինծառայողների հուղարկավորություններ: Կասկած չկա, որ առնվազն քաջալերվում է Ռուսաստանի կողմից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: