Հեռուստաընկերությունների հասույթը շարունակում է նվազել
Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.9%-ով և կազմել 85.7 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Այդ թվում, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը նվազել է 7.5%-ով՝ կազմելով 1.045 միլիարդ դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը նվազել է 17%-ով՝ հասնելով 3 միլիարդ դրամի։
Նվազել է նաև հեռախոսակապ ծառայությունների մատուցող ընկերությունների հասույթը։ Մասնավորապես, լարային հեռախոսակապի ոլորտում հասույթը նվազել է 1.7%-ով և կազմել 11.1 միլիարդ դրամ, իսկ բջջային հեռախոսակապի ոլորտում անկումը կազմել է 2.1% (ոլորտի հասույթը՝ 50.1 միլիարդ դրամ)։
Աճ է գրանցել միայն ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտը։ Հասույթը կազմել է 15.3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից բարձր է 5.3%-ով։