
«Մենք բարեկամ պետություններ չունենք, ունենք միայն հզոր դաշնակից երկրներ, որոնց մենք պետք չենք». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սահմանում տիրող իրավիճակի, այդ իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Նրա համոզմամբ՝ սկսված դեպքերը կարող են վերաճել պատերազմի.
«Ենթադրում ենք, որ պատերազմ չի լինելու, բայց պետք է պատրաստվենք պատերազմի: Ակնհայտ է մի բան՝ սա արդեն դիրքային պատերազմ է, որի դինամիկան բարձրանում է: Եվ ավելի լավ է կողմնորոշվել այն տեսանկյունից, որ դիրքային պատերազմը ինտենսիվ է դառնում, քան ասել, որ պատերազմ չի լինելու: Մեր զինվորականները սովորել են սովետական ռազմարվեստի կենտրոններում, ռուսականն էլ նույնն է, որտեղ մի ավանդույթ կա՝ Ստալինի հրամանը՝ սադրանքների չենթարկվել, որը Սովետական միության «հանճարեղ» առաջնորդի տգիտության պատճառով ահռելի աղետների բերեց: Ուզում եմ ասել, որ մեր զինվորականությունը պետք է ուշադիր լինի ու գերի չգնա ուրիշի ռազմարվեստի քարացած դրույթներին»,-ասաց բանախոսը:
Այս իրավիճակից դուրս գալու համար Լ. Շիրինյանն առաջարկեց իր տարբերակները. «Կարծում եմ, որ ադրբեջանին հարակից գոտին պետք է ռազմականացված գոտու վերածվի: Պետք է ստեղծել կոլեկտիվ տնտեսություններ, որոնք ոչ թե կոլխոզներ, այլ ռազմականացված բնակավայրեր կլինեն:
Դրանք շատ արագ վերածվում են ռազմական միավորների. մեծ գյուղը կարող է դառնալ գումարտակ, թաղերը՝ վաշտեր և այլն: Այս դեպքում՝ բանակն իր թիկունքում չի զգա դատարկվող գյուղերի շունչը, ինչը մահացու բան է բանակի համար:
Բանակը պետք է ունենա կանխարգելիչ ռազմական գործողությունների պլան, որը շատ տարածված է անգլո-սաքսոնական ռազմական արվեստում. եթե տեսնում եք, որ պատերազմն անխուսափելի է, ապա սկսում եք ռազմական գործողություններն այն ժամանակ, երբ հակառակորդը դրան չի սպասում: Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ սա շատ արդյունավետ միջոց է՝ անկախ տվյալ պետության ռազմական հզորությունից: Մեր բանակը թիկունք չունի, այն չի կարող նահանջել»,- նկատեց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ մենք միայն մեր ուժերին կարող ենք ապավինել.
«1876 թվականից համաշխարհային հանրության քաղաքական խաղերի զոհն ենք, և հիմա պետք է դուրս գա մեր միջից համաշխարհային հանրության գիտակցությունը: Մենք բարեկամ պետություններ չունենք, ունենք միայն հզոր դաշնակից երկրներ, որոնց մենք պետք չենք: Մենք կարող ենք ինքնուրույն հասնել դրան, ու օր օրի դա ապացուցում ենք: Մենք ունենք փայլուն զինվորականներ, որոնք կարող են հասնել հաջողությունների ՝ ռազմական գործողությունների ժամանակ»:
Ասուլիսի ավարտին իր խոսքը հղեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին. «1920թ., երբ Սենատում քննվում էր Հայկական հարցը, Արկանզասից սենատոր Ռոբինսոնը ելույթ է ունենում և ասում. «Պարզ է, դուք մերժելու եք Հայաստանի մանդատի հարցը, բայց նկատի ունեցեք, որ դրանով իսկ դուք նպաստում եք քրիստոնեական քաղաքակրթության ոչնչացմանը. դա է ձեր խնդիրը»: Հիմա դիմում եմ Ուորլիքին՝ դա է ձեր պրոպոգանդայի և թվիթերյան էջերի նպատակը»: