«Եթե չլինեն գյուղն ու գյուղացին՝ քաղաքացին ինչո՞վ է ապրելու»
Վերաբացվեց գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը
Երևանի Մաշտոցի պուրակին հարող «Մալիբու» սրճարանի հարևանությամբ այսօր վերաբացվեց գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը: Այն իրականացվում է ՀՀ գյուղնախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Արդեն չորրորդ տարին է, ինչ ամեն շաբաթ և կիրակի օրերին գործում են նման տոնավաճառներ: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գյուղացիների գրանցումը եղել է էլեկտրոնային տարբերակով: Տաղավարները, կշեռքները, սեղաններն ու մնացած կազմակերպչական աշխատանքները Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գյուղացիներին հատկացվել են անվճար: Տոնավաճառում գործում էին մոտ 96-97 վաճառակետեր: Այսօր գործում էր նաև Կասյան փողոցի շուկան, որտեղ վաճառակետերն ավելի շատ են, քանի որ առևտուրն ավելի աշխույժ է:
Բացմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նախարարը նախ շրջեց վաճառակետերի ողջ տարածքով, ծանոթացավ վաճառվող ապրանքների գներին, խոսեց գյուղացիների հետ: Գյուղնախարարի խոսքով` երկուստեք պահանջարկից ելնելով` այս տարի մոտ 3 շաբաթ շուտ է բացվել տոնավաճառը. «Ինչպես տեսնում եք՝ բավականին աշխույժ առևտուր է կատարվում, քանի որ այս տարին առատ չէր, և գյուղատնտեսական ապրանքների արտադրության ժամկետն ավելի շուտ սկսվեց:
Արդեն պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանն է, և շուկայում ամեն ինչ կա: Եթե այս տարվա մթերքների գները համեմատենք նախորդ տարվա գների հետ, ապա ավելի ցածր են և հասանելի` ելնելով նրանից, որ ավելացել են արտադրության ծավալները: Բացի ծիրանից, որ այս տարի ցրտահարվեց, մնացած մրգի և բանջարեղենի տեսականին և ծավալները շատ են:
Եթե անհրաժեշտություն լինի, մենք Երևանի երրորդ վարչական տարածքում էլ կբացենք նման շուկաներ, սակայն վաճառքի օրերը չենք կարող ավելացնել, քանի որ առավելությունն էլ դրանում է, որ տոնավաճառ է, բացի այդ էլ` գյուղացիները միայն շաբաթ-կիրակի օրերին են ազատ և գալիս են իրենց ապրանքը վաճառելու, բայց ամեն օր իրենք հնարավորություն չունեն գալու»,-ասաց Ս. Կարապետյանը:
Գյուղնախարարի խոսքով` վաճառակետերում փակցված են նաև կողմնորոշիչ գներ, որպեսզի և քաղաքացիները, և գյուղացիները կողմնորոշվեն գնումների ժամանակ.
«Մենք ուսումնասիրում ենք Երևան քաղաքի երկու-երեք մեծ շուկաների գները և որպես կողմնորոշիչ գներ գրել ենք առավելագույն և նվազագույն գները, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն: Իհարկե, սրանք պարտադրող գներ չեն, քանի որ շուկան ինքն է կարգավորում գները, և գինը հիմնականում ձևավորվում է սակարկությունների արդյունքում»:
Մեր այն հարցին, թե հիմնականում որ մարզերից են մասնակցության հայտեր ստացվում, Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ հիմնականում Երևանի և Արարատյան դաշտավայրի շրջակա մարզերից են ստացվում հայտերը, քանի որ այդ վայրերում ավելի շատ է պտուղ-բանջարեղեն արտադրվում: Նրա խոսքով` Գյումրիից մարդիկ չկան, դեռևս չկան նաև Գեղարքունիքի մարզից, քանի որ ուշահաս կարտոֆիլի բերքահավաքը դեռևս չի սկսվել:
Գյուղնախարարի խոսքով` շուկաները կգործեն մինչև դեկտեմբերի վերջ, կկազմակերպվի նաև նախատոնական առևտուրը, և այնուհետև կփակվեն:
Դավիթ Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերահսկվում վերավաճառողների խնդիրը: Նրա խոսքով` մի փոքր դժվար է այդ հարցի վերահսկումը, քանի որ վերավաճառողները և՜ Երևանի տարբեր շուկաներից, և՜ հենց գյուղացիներից գնում են տարբեր մթերքներ և հանձնում տարբեր խանութների.
«Երբ մենք արգելեցինք բացօդյա վաճառքը, այդ ժամանակահատվածում մոտավորապես երկու տարվա մեջ 200-ից ավելի տարբեր խանութներ են բացվել, որտեղ զբաղվում են գյուղմթերքի վաճառքով: Վերավաճառողները ապրանքը հիմնականում գնում են գյուղացիներից և բերում հանձնում այդ խանութներին: Սակայն շուկաներում գրեթե չկան վերավաճառողներ»:
Նշենք, որ քաղաքապետարանի աջակցությամբ գյուղացիներին բաժանվել են աղբի տոպրակներ, ինչպես նաև օրվա վերջում իրականացվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:
Մենք փորձեցինք նաև կարծիքներ իմանալ թե առևտուր անող քաղաքացիներից, թե վաճառող գյուղացիներից: Վերջիններիս խոսքով` գյուղատնտեսական տոնավաճառի պահանջարկը մեծ է մայրաքաղաքում: Նրանց մեծ մասն ասում էր, որ գոհ է վաճառքի ծավալներից: Նրանց խոսքով` նման տոնավաճառների ամենամեծ առավելությունն այն է, որ հենց իրենք են վաճառում իրենց ապրանքը, ոչ թե ջրի գնով հանձնում վերավաճառողներին: Լսվեցին նաև դժգոհություններ:
Օրինակ` գյուղացիներից մեկն ասում էր, որ գոհ չէ վաճառքի ծավալներից, մարդկանց գնողունակությունը ցածր է.
«Ժողովուրդը դժգոհում է գներից, սակայն մենք ի՞նչ անենք. այս տարի բերքը սակավ էր: Ես կցանկանայի, որ պատկան մարմինները հաճախ բարձրաձայնեն գյուղացու խնդիրների մասին. եթե չլինեն գյուղն ու գյուղացին, քաղաքացին ինչո՞վ է ապրելու: Թող գյուղացուն ապահովեն նորմալ պայմաններով. ջրի վարձը թանկ է, հողի հարկերը թանկ են, բուժանյութերը թանկ են, պայմանները` վատ: Որ գյուղացին էլ մի քիչ թանկ է վաճառում՝ մտածում են հարստանալու է: Պարզապես թող գյուղացուն մի քիչ ընդառաջեն. գյուղացին է պահում ժողովրդին»:
Գյուղացիների մեծ մասն այն ցանկությունն էր հայտնում, որ նման տոնավաճառներ ավելի հաճախ բացվեն, ոչ թե միայն շաբաթ և կիրակի օրերին: Ինչ վերաբերում է առևտուր անող քաղաքացիներին, ապա նրանց կարծիքները միանշանակ չէին. մի մասն ասում էր, որ չափազանց էժան է վաճառվող ապրանքը, իսկ մյուս մասն էլ դժգոհում էր բարձր գներից:
Հավանաբար դա այն պարզ պատճառով էր, որ իսկապես մի վաճառակետում գներն անհամեմատ էժան էին, մյուսում ոչնչով չէին տարբերվում սովորական շուկայական գներից: Այնուամենայնիվ մեր համաքաղաքացիների մեծ մասն էլ ուրախ էր, որ իրենց հնարավորություն է ընձեռվում մեկ վայրից գնել ցանկացած մթերք և որ նման նախաձեռնություն է իրականացվում: Նրանք հույս էին հայտնում, որ ավելի հաճախակի կկազմակերպվեն և վարչական մյուս շրջաններում էլ կլինեն նման տոնավաճառներ: