Շանթ Հարությունյանը՝ Գեորգի Վանյանի մասին. Վանյանը Մոսկվայի գործակալ է, և գործում է Հայաստանի դեմ ռուսական ԿԳԲ-ի ցուցումով (տեսանյութ)

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալները հանդես եկան հայտարարությամբ: Շանթ Հարությունյանն ասաց, որ ռուսական ԿԳԲ-ի հայ գործակալները Մոսկվայի ցուցումով սկսել են աշխատել Թուրքիայի և Ադրբեջանի օգտին: Ըստ Շանթ Հարությունյանի, դրա ակնհայտ դրսևորումը Գեորգի Վանյանն է:

«Եթե Գեորգի Վանյանը փորձեր պաշտպանել ադրբեջանցի դիվերսանտների իրավունքները՝ որպես կալանավորի, գուցե կհասկանայի: Ի վերջո, նույնիսկ թշնամին ունի մարդու, կալանավորի իրավունքներ: Բայց ակնհայտ դիվերսանտին համարել պատանդ… դա կանի միայն հայրենիքի դավաճանը: Շատերը միամտորեն նրան համարում են Ադրբեջանի կամ Թուրքիայի գործակալ: Նրա հայտարարություններից ելնելով՝ ես պնդում եմ, որ Վանյանը Մոսկվայի գործակալ է, և գործում է Հայաստանի դեմ ռուսական ԿԳԲ-ի ցուցումով:

Պարզաբանեմ ասածս: Նախ, եթե Վանյանը թուրք-ադրբեջանական գործակալ լիներ, Հայաստանի ԿԳԲ-ն վաղուց կձերբակալեր նրան: Եթե Վանյանը նույնիսկ ոչ մի երկրի գործակալ էլ չլիներ, միևնույն է՝ Հայաստանի ԿԳԲ-ն նրան կմեղադրեր Հայաստանի վարկն ու հեղինակությունը միջազգային հանրության առաջ արատավորելու համար և ճնշումներ կգործադրեր: Նման մեկը, ով բացահայտ գործում է Հայաստանի թշնամիների օգտին, և գործում է անպատիժ, այսօրվա պայմաններում կարող է լինել միայն Մոսկվայի գործակալ, այսինքն՝ պաշտպանված Մոսկվայի կողմից:

Կրեմլը, տեսնելով, որ հայ ժողովորդը օր օրի հասկանում է Մոսկվայի հակահայ քաղաքականությունը և դադարում է Ռուսաստանին բարեկամ երկիր համարել, ԿԳԲ-ի գործակալների միջոցով փորձում է խառնաշփոթ ստեղծել հայ ժողովրդի գիտակցության մեջ: Սա բազմիցս փորձված մեթոդ է հատուկ ծառայությունների կողմից»,- դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ այդ գործակալներին հանձնարարված է հայհոյել Ռուսատանին և պաշտպանել թուրքերին:

Կարդացեք նաև

«Ի վերջո մենք՝ Ցեղակրոններս, ինչու ենք Ռուսաստանին թշնամի համարում: Որովհետև Ռուսաստանը, Թուրքիայի հետ դաշնակցած ոչնչացրեց Դավիթ Բեկի ստեղծած անկախ Հայաստանը, նպաստեց թուրքերի իրագործած հայոց ցեղասպանությանը՝ հայտարարելով, թե Հայաստանն իրեն պետք է առանց հայերի:

Հիմա էլ նույնն է: Այսօր Հայաստանն իրենց պետք է, բայց դարձյալ առանց հայերի: Եվ ամենակարևորը: Ռուսաստանը Թուրքիայի հետ դաշնակցած ոչ միայն ոչնչացրեց Հայաստանի անկախ հանրապետությունը, այլև հանրապետության տարածքը բաժանեց Թուրքիայի, Ադրբեջանի և իր միջև: Նույնիսկ կարելի է պնդել, որ Ադրբեջանի հանրապետությունը ստեղծվել է Ռուսաստանի ու Թուրքիայի փոխհամաձայնությամբ՝ ունենալով մեկ միսիա՝ սպասարկել ռուս-թաթարական, տվյալ դեպքում նկատի ունեմ թուրքական էթնոսը, շահերը հարավային ու նաև ողջ Կովկասում, Ադրբեջանի միջոցով ճնշել հայ ժողովրդին ու նրա ձգտումները, քանի որ հայ ժողովուրդը պատմականորեն եղել է արևմտյան քաղաքակրթության կրողը այս տարածաշրջանում:

Ըստ էության՝ հայ ժողովուրդը ոչ միայն Կիլիկիայում է հանդես եկել խաչակիրների հետ, այլև հենց Կովկասում՝ հանդիսանալով արևմտյան քաղաքակրթության բնիկ խաչակիրը: Հայ ժողովրդի ներկայությունը Կովկասում օբյեկտիվորեն հակասում է ռուսական և թուրքական կայսերական ձգտումներին: Կրկնում եմ՝ միայն այս պատճառով են Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ստեղծել Ադրբեջանի Հանրապետությունը:

Սրանով հանդերձ ես ճանաչում եմ Ադրբեջանի հետ հարևանության և արժանապատիվ համակեցության սկզբունքը, բայց միայն մեկ պայմանով. պետք է չեղյալ ճանաչվի 1921թ. ռուս-թուրքական Լենին-Քեմալ եղբայրության պայմանագիրը, ԱՄՆ և քաղաքակիրթ աշխարհի գլխավորությամբ նոր ու արդարացի պայմանագրեր պետք է կնքվեն Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ Ռուսաստանի դերն ու մասնակցությունը կլինի զրոյական:

Այս նոր ու արդարացի պայմանագրերը կզրկեն Ռուսաստանին Կովկասն ազգամիջյան թշնամանքի օջախ պահելուց, իսկ Ադրբեջանը կդադարի սպասարկել Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ շահերը: Միայն այդ պայմաններում է, որ ռուսական իմպերիան չի կարողանա շան պես Ադրբեջանին քսի տալ Հայաստանի վրա ու Հայաստանին պաշտպանելու պատրվակով հանդես գալ որպես Կովկասի չոբան»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Մյուս ամբաստանյալների հայտարարությունները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս