Շանթ Հարությունյանի գործով տուժող ճանաչված ոստիկանի տաբատն էր պատռվել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց տուժող ոստիկանների հարցաքննությունը:
Հարություն Գրիգորյանը դատարանում հայտնեց, որ ամբատանյալներին մինչ դեպքը չի ճանաչել, նրանց հետ ազգակցական կապ չունի: Ըստ ոստիկանի՝ տուն գնալիս իրեն է զանգահարել դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ասել, որ 50 րոպեից ներկայանա Բայրոն փողոց:
Երթուղային տաքսիով այնտեղ գնալիս՝ մոտավորապես Օպերայի շրջակայքում նկատել է պաստառներով և դրոշներով մարդկանց, ովքեր առաջանում էին դեպի փողոցի կողմը:
Ըստ ոստիկանի՝ երթուղային տաքսուց իջնելուց հետո տեսել է, որ քաղաքացիները դուրս են եկել փողոց, ինքը շտապել է այդ կողմ, մինչև իր՝ այնտեղ մոտենալը, փողոցում պայթյուններ են եղել:
«Մոտեցել եմ ոստիկանության ծառայողներին, փորձել եմ կարգի հրավիրել, փողոցից դուրս հրավիրել ժողովրդին, ովքեր փողոցում էին: Շարունակվում էին պայթյունները: Դիմակավորված անձինք էին փայտերով, այդ փայտերն էլ նման էին խանութում վաճառվող բահի պոչերի: Հարվածում էին, բղավոց… ոստիկաններից քաղաքացիական հագուստով կային, որոնցից ես երկուսին եմ նկատել, որ ասում էին՝ ոստիկաններ են՝ մի հարվածեք, ու ասում էին՝ խփեք, ոստիկաններ են»,- ասաց տուժող ճանաչված ոստիկանը:
Տուժողի խոսքով՝ իր ոտքերի դիմաց «պայթյուն է եղել», այրվել է իր տաբատի աջ և ձախ փողքը, կոշիկները, մի քանի հարված է ստացել մեջքի մասից:
Ոստիկան Արթուր Վարդգեսյանը, ով այս գործով ևս տուժող է ճանաչվել, մինչև դեպքը ամբաստանյալների հետ առնչություն չի ունեցել: 2013թ. նոյեմբերի 5-ին, ըստ տուժողի, գտնվել է Բայրոն փողոցում, քանի որ իրենց տեղեկացրել են, որ Շանթ Հարությունյանի գլխավորությամբ երթի մասնակիցները ցանկանում են երթ իրականացրել, իրենք էլ տեղակայվել են Բայրոն փողոցում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հասնեն և ապահովեն հասարակական կարգը, երթի բնականոն ընթացքը:
«Ժամը 17:00-ի սահմաններում լսել ենք պայթյուններ և գոռգոռոցներ, որից հետո հատուկ կապի միջոցով տեղեկացել ենք, որպեսզի ուժերը մոտեցնենք Մաշտոցի պողոտա՝ ծառայողական մուտքի մոտ, որից հետո ես և մեր գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արտակ Ավետիսյանի հետ առաջ եկանք մեր ծառայակիցներից:
Այդ պահին, երբ արդեն մոտեցանք Մաշտոցի պողոտայի հատվածին, նկատեցինք մի խումբ քաղաքացիների և ոստիկանների: Խառնաշփոթ իրավիճակ էր: Սպիտակ դիմակներով… նաև երևացին, որ քաղաքացների մոտ կային փայտից բաներ: Իրենք զինված էին փայտի մահակներով, որից հետո նկատեցինք մի քաղաքացիական համազգեստով տղամարդու, որը գոռում էր, որ նա ոստիկանության աշխատակից է, և անկարգության մասնակիցներից մեկին քաշեց, առանձացրեց: Այդ պահին բայց մի քանի հոգի վրա հասան դիմակներով, և զինվորական համազգեստով ինչ-որ քաղաքացի էր… սկսեցին նրան փայտերով հարվածել»,- պատմեց տուժող ճանաչված ոստիկանը՝ նշելով, որ լսել է «միլիցա ա, խփեք» արտահայտությունը: