Բաժիններ՝

Օլիգարխների պայքար կամ «Միկմետալն»՝ ընդդեմ ՀԷՑ-ի

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկմետալ» ընկերությունն արդեն շուրջ 2 տարի խնդիրներ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ:

Մոտ 1 ամիս առաջ «Միկմետալ» ՓԲ ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բողոքելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ: Հարցն այն է, որ այս 2 ընկերությունների միջև 2011 թ. հուլիսի 6-ին կնքված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի համաձայն` Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեում կառուցապատվող բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետ է սահմանվել 2012 թ. հունիսի 27-ը, սակայն միացումը մինչ օրս չի կատարվել: «Միկմետալի» 4 գրավոր դիմումները ՀԷՑ-ին որևէ պատասխանի չեն արժանացել:

Ի վերջո, ՀԾԿՀ-ն է պարզաբանման համար դիմել ՀԷՑ-ին և հարուցել է վարչական վարույթ: Արդյունքում՝ պարզվել է, որ շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետը լրացուցիչ համաձայնագրով երկարաձգվել է մինչև 2012 թ. հոկտեմբերի 25-ը, շենքի նախագծային փաստաթղթերով նախատեսվել էր ՀԷՑ-ին տրամադրել տարածք՝ սնող ենթակայանի կառուցման համար, սակայն քաղաքապետարանը մերժել է հողահատկացումը՝ ազատ տարածքի բացակայության պատճառաբանությամբ: Միացման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար ՀԷՑ-ը 2012 թվականի սեպտեմբերի 28-ին կնքել է համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր, որի
արդյունքում տարածքում տեղակայվել են էլեկտրակայանքներ՝ շուրջ 113 միլիոն դրամ արժեքով: Սակայն էլեկտրակայանքները տեղակայվել են առանց դրանց նկատմամբ իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու, և ներկայումս չկա տարածքի նկատմամբ իրավունքները հաստատող կամ հավաստող որևէ փաստաթուղթ:

«Միկմետալը» պարտավոր էր մինչև 2012 թ. հոկտեմբերի 24-ը վճարել 18 մլն 22 հազար դրամ միացման վճար, ինչը, սակայն, ուշացրել է 430 բանկային օրով, այդպիսով առաջացնելով 7 մլն 700 հազար դրամի չափով տույժ: Այժմ ՀԷՑ-ը պահանջում է իր ամբողջ գումարը և միայն այն ստանալուց հետո շենքի սպառման համակարգը կմիացնի էլեկտրական ցանցին:

Կարդացեք նաև

ՀԾԿՀ-ն գտնում է, որ ՀԷՑ-ը խախտել է ԷՄՕԿ-ի պահանջները, լիցենզիայի պայմանները: Հարցը քննարկվելու է հանձնաժողովի հուլիսի 30-ի նիստում: Ըստ ՀԾԿՀ որոշման նախագծի՝ նախատեսվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը ենթարկել տուգանքի` ընդհանուր 15 միլիոն դրամ գումարի չափով, նաև պարտավորեցնել «Միկմետալի» շենքի սպառման համակարգը միացնել էլեկտրական ցանցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս