
«Առաջին ատյանը պիտի վարույթ չընդուներ». Արտակ Զեյնալյանը՝ տեղեկատվության աղբյուր հրապարակելու որոշման մասին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեեկացրել էինք, այսօր վերաքննիչ դատարանում դռնփակ դատական նիստում սկսվել է «Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի բողոքի քննությունը: Լրատվամիջոցները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը նրանց պարտավորեցրել է հրապարակել տեղեկատվության աղբյուրը. երկու լրատվամիջոցներն էլ տեղեկություն էին տարածել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի վարչության պետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
Լրագրողներն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներից հետաքրքրվեցին՝ ինչ հիմքով են նրանք բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը: Արտակ Զեյնալյանն ասաց, որ այն հոդվածը, որին հղում կատարելով իրականացվել է վարույթը, վերաբերում է խուզարկության թույլտվություն տալուն և նամակագրության, հաղորդագրության գաղտնիության իրավունքի միջամտությանը. «Սա չի վերաբերում զանգվածային լրատվության միջոցի կողմից տեղեկատվություն տարածելու իրավունքին: Չկար այս ընթացակարգը: Դատարանները պետք է վարույթ չընդունեին այդպիսի միջնորդությունը: Առաջին ատյանը պիտի վարույթ չընդուներ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: