Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորումը կգործի հուլիսի 26-ից

2014 թվականի հուլիսի 16-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 37-ում հրատարակվել է և հրատարակման հաջորդող 10-րդ օրը ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորմամբ.

Մասնավորապես, օրենքն ամրագրում է, որ՝

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաև վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».
2) 11-րդ մասի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.
3) 23-րդ մասի «քառասնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով.
4) 24-րդ մասը «կանգառ կատարելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերով.
5) 25-րդ մասից հանել «, ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերը, ինչպես նաև նույն մասի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.
6) 26-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով.
7) 28-րդ մասի «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:»:

Հոդված 4. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասում «առաջին կամ երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ կամ չորրորդ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով» բառերը, ինչպես նաև նույն մասի «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով.
2) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը,» բառերով, ինչպես նաև նույն մասի «տասնհինգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 132-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «վարելու իրավունք չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով» բառերով, ինչպես նաև նույն մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 2-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 9. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման:»:

Հոդված 10. Օրենսգրքի 310-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «123.2» թիվը փոխարինել «140» թվով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան

2014 թ. հուլիսի 4
Երևան
ՀՕ-78-Ն
Փոփոխություններից և լրացումներից հետո փոփոխված հոդվածներն ունեն հետևյալ տեսքը

«Հոդված 21. Նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը

Եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:
Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաև վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:

Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
8. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
9. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
11. Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
12. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
13. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
14. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
15. Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
16. Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
17. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
18. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
19. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
20. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
21. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
22. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, և եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
23. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
24. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
25. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի)`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
26. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
27. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
28. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
29. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
30. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
31. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
32. Սույն հոդվածի երեսունմեկերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց նկատմամբ` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
33. Սույն օրենսգրքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով պետք է հասկանալ այն տրանսպորտային միջոցները, որոնք սահմանված կարգով տվյալ պահին իրականացնում են ուղևորների կանոնավոր փոխադրում:

Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Հոդված 126. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը

1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի երրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով:
8. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքները կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն:
10. Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

Հոդված 128. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով կամ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելը կամ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը

1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
4. Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
6. Սույն հոդվածում այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:
7. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:
8. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:

Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները

1. Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
4. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
5. Սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով:

Հոդված 135.2. Տրանսպորտային միջոցներում ծխելը

1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 140. Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը

1. Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով)` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթևեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը`առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 305. Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը

Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

Եթե սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման:

Եթե մանր խուլիգանություն կատարած տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք ինքնուրույն վաստակ չունեն, տուգանքը գանձվում է ծնողներից կամ նրանց փոխարինող անձանցից:

Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է կենտրոնական գանձապետարան, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:
Համայնքի ղեկավարների նշանակած տուգանքը մուտքագրվում է համապատասխան համայնքի բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե»:

 «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս