Ադրբեջանը երկու պատճառով է նախապատվությունը տալիս Ռուսաստանից սպառազինություն գնելուն. փորձագետ
Вестник Кавказа-ին տված հարցազրույցի ժամանակ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» թերթի և «Օդա-տիեզերական պաշտպանություն» պարբերականի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարենոկը մեկնաբանել է հօգուտ ռուսական հաուբիցների ու հակատանկային համակարգերի Ադրբեջանի կատարած ընտրությունը.
«Ադրբեջանը երկու պատճառով է նախապատվությունը տալիս Ռուսաստանից սպառազինություն գնելուն: Մի կողմից Ռուսաստանն առաջարկում է տեխնոլոգիաներ, որոնք գերազանցում են իրենց արևմտյան համարժեքները և երբեմն բացառիկ են, մյուս կողմից էլ Ռուսաստանը հանդիսանում է զենքի առավել հուսալի մատակարար:
Որպես օրինակ՝ կարելի է նշել այս տարեսկզբին Ռուսաստանին Ադրբեջանի պատվիրած «Քրիզանթեմ-Ս» հակատանկային հրթիռային համալիրները, որոնց թիվն աշխարհում կազմում է ընդամենը 24՝ համաձայն բաց տվյալների: «Քրիզանթեմ-Ս» մարտական մեքենան այսօր աշխարհի լավագույն հակատանկային միջոցներից է:
Ավելին, այն չունի որևէ համարժեք, և առանձնանում է մեծ շարժունությամբ, քանի որ կառուցվել է հետևակի մարտական մեքենայի բազայի վրա և ունակ է խոցել ժամանակակից յուրաքանչյուր տանկ: Հակառակորդի հետ 90 աստիճանի անկյան պայմաններում հանդիպելու դեպքում նրա զրահածակելիությունը կազմում է 1200 միլիմետր:
Առավել ևս այն հնարավորություն է տալիս խոցել նաև տանդեմային զրահը, և օժտված է տարբեր զինամթերքով ու կարող է կրակ վարել երկու տարբեր թիրախի ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ «Քրիզանթեմ-Ս»-ը բացառիկ համակարգ է: Ելնելով այդ հանգամանքներից՝ Ադրբեջանը տվել է իր նախապատվությունը:
Սակայն միշտ չէ, որ ընտրությունը կատարվում է իր համարժեքը չունեցող սպառազինության վրա: Դրա վառ օրինակն է Мста-С ինքնագնաց հաուբիցը, որն արդեն իսկ գտնվում է Ադրբեջանի բանակի սպառազինության տակ:
Այն Գերմանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում ու Մեծ Բրիտանիայում արտադրվող ինքնագնաց հաուբիցներից զգալիորեն տարբերվում է միայն իր ընթացքի պաշարով, սակայն նրա ընտրության ժամանակ պետությունը (Ադրբեջան) առաջնորդվել է այլ նկատառումներով: Այստեղ առավելությունը տեխնիկական առանձնահատկություններում չէ, քանի որ չի կարելի ասել, թե այդ հաուբիցներից մեկը մեծապես առանձնանում է մյուսներից:
Բանն այն է, որ հաշվի առնելով ներկայիս իրողությունները՝ Ռուսաստանը սպառազինության շատ հուսալի մատակարար է, և եթե պայմանագրերը ստորագրված են, ապա դեպքերի զարգացման ամեն տիպի սցենարների դեպքում սպառազինությունը կմատակարարվի սահմանված ժամկետում, ինչից հետո կշարունակվի դրա տեխնիկական ուղեկցումը: Քաղաքական որևէ քամի ունակ չէ ազդել Ադրբեջանի նման երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության վրա:
Ադրբեջանի պետությունը, Мста-С ինքնագնաց հաուբիցը ընտրելիս, թերևս հաշվի է առել այն, որ Ռուսաստանը սպառազինության հուսալի մատակարար է, և որ նրա հետ հաստատված են հուսալի, ստուգված կապեր: Եթե հիշողությունս չի դավաճանում ինձ, ապա ռազմատեխնիկական համագործակցության մասին որևէ պայմանագիր չի ձախողվել Ռուսաստանի կողմից»: