
Պուտինն անընդունելի ու տարօրինակ է համարում Ուկրաինայի հարցում Արևմուտքի տրամաբանությունը

Ռուսական РИА Новости լրատավական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Անվտանգության դաշնային խորհրդի նիստին, որում քննարկվել է Ռուսաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցը:
Պուտինը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայի երկրների տարածքում ուժեղացվում են ՆԱՏՕ-ի զորքերի խմբավորումը, և որ Ռուսաստանի համար չափազանց կարևոր է ժամանակին իրագործել իր պաշտպանունակության բարձրացմանն ուղղված միջոցները:
Պուտինն անընդունելի ու տարօրինակ է համարում Ուկրաինայի հարցում Արևմուտքի տրամաբանությունը, ըստ որի՝ Ռուսաստանին առաջարկում են կա՛մ հաշտվել խաղաղ բնակչության կործանման հետ, կա՛մ էլ սպառնում են պատժամիջոցներով:
Պուտինն ընդգծել է, որ Արևմուտքը պետք է հրադադարի մասին իր կոչերն ուղղի ոչ միայն աշխարհազորայիններին, այլև՝ Կիևին: Պուտինը հաստատել է, որ աշխարհազորայինները գիշերը հանձնել են մալայզիական կործանված օդանավի «սև արկղերը», ինչից հետո Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի դեմ ձեռնարկել են տանկային ուժեղ հարձակում:
Պուտինի խոսքերով՝ անհրաժեշտ է համոզել Կիևի իշխանություններին, որպեսզի նրանք ժամանակավորապես դադարեցնեն կրակը՝ հնարավորություն տալով հետաքննել մալայզիական օդանավի կործանման հանգամանքները: